top of page

ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը․ Իրանում ՀՀ դեսպան

Sep 20, 2021
1 min read

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Հայաստանի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, տոկունություն և երջանկություն։ Հայ ժողովրդի հազարամյա պատմությունն ունեցել է փառահեղ վերելքների և ցավալի անկումների ժամանակաշրջաններ։ Անցած երեք տասնամյակների ընթացքում ևս ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ անհաջողություններ։


Այսօր մեր ժողովուրդը մեծ ցավ է ապրում 44-օրյա պատերազմի հետևանքով ունեցած մեծ կորուստների, իր հերոս զավակների նահատակության, բազմաթիվ խեղված և գերեվարված զինվորների համար, սակայն պատրաստ է զորավիգ լինել իր պետության անկախության և անվտանգության ամրապնդման, զարգացման և շենացման գործին։

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և այսուհետ ևս հետամուտ է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։


Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում համագործակցային և կառուցողական միջավայրի ձևավորումը, խաղաղության և անվտանգության ապահովմանը միտված միջազգային քաղաքական գործընթացների ակտիվացումը։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունն առաջնահերթ է համարում արտաքին քաղաքական գործընկերների հետ արդյունավետ հարաբերությունների զարգացումը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակողմանի համագործակցության խորացումն է։


Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրներից մեկը Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումն է, սփյուռքահայության բոլոր համայնքների և անհատների ներգրավումը Հայրենիքի հզորացման գործում։ Այժմ ավելի քան երբևէ այժմեական է Հայաստանում, Արցախում և ողջ սփյուռքում միասնականության և համագործակցության մթնոլորտի ձևավորումը, ապագայի նկատմամբ պատասխանատվության և լավատեսության տրամադրությունների արմատավորումը։

Բարին ընդ ձեզ»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page