Իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․
«ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա ևս մեկով։ Սակայն խորհրդարանի մեծամասնությունը ոչ թե որոշել է ընդառաջել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքին եւ Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծել, որի մասին անցած շաբաթ հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, այլ որոշել է տրոհել արդեն գործող առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ու ձեւավորել 2 առանձին հանձնաժողով՝ առողջապահության հարցերով եւ սոցիալական հարցերով զբաղվող։ Նախագիծն ընդգրկված է առաջին նստաշրջանի օրակարգում եւ կքննարկվի առաջիկա օրերին։
«Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման և խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է»,- իբրեւ թե հիմնավորել են ԱԺ իրավաբանները։ Իսկ իրականում, հանձնաժողովների թիվն ավելացնում են, որպեսզի, «օրենքի տառին համապատասխան», մերժեն ընդդիմության առաջարկը՝ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունը լուծված է համարում Արցախի հարցը եւ որեւէ պարտավորություն այս առումով չի զգում։
Հիշեցնենք․ նախորդ խորհրդարանում գործում էր 11 հանձնաժողով, ԱԺ կանոնակարգ-օրենքով՝ հանձնաժողովների թիվը չի կարող գերազանցել 12-ը։ Նկատենք նաև, որ ութ ամիս է անցել պատերազմից, սակայն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկը ոտք չի դրել Արցախ։ Արցախի կարգավիճակի, անվտանգության եւ մնացյալ հարցերը մնում են անորոշ»։























Comments