ԱԺ փակ քննարկումը չի փարատել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ մտահոգությունները. Սաղաթելյան
Մեր մտահոգությունները Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակների շուրջ չեն փարատվել։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով խորհրդարանում սահմանային իրավիճակի շուրջ փակ քննարկմանը.
«Արդեն քանի ամիս է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի սահման: Այս ժամանակահատվածում ունեցել ենք գերիներ, զոհեր։ Մեր մտահոգությունները չեն կարող փարատվել, որովհետև գրեթե ամեն օր ունենում ենք զոհեր, կրակոցներ, թշնամին շարունակում է մնալ Հայաստանի տարածքում։ Բազմաթիվ հարցեր ենք հնչեցրել, պատասխաններ ստացել, դրանց մի մասը եղել է տեղեկատվական, որոշ հարցեր էլ հասկանալի պատճառներով ամբողջությամբ չեն մեկնաբանվել»,- ասաց Սաղաթելյանը և ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում նմանատիպ հանդիպումներն անհրաժեշտություն են, ավելի բարձր մակարդակով հանդիպումներ պետք է լինեն.
Արձագանքելով Ալիևի հայտարարություններին, թե պետք է խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանը և Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, Իշխան Սաղաթելյանն ասաց.
«Ալիևի ցանկությունները բոլորիս հայտնի է, բայց Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, դա բացառվում է։ Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ թշնամի երկրի ղեկավարը փորձելու է այս ընթացքում ճնշումների, սադրանքների միջոցով հասնել իր ուզածին։ Թշնամու տեսակետը մեզ համար ակնհայտ է, խնդիրն այն է, որ թե մենք ի՞նչ ենք ուզում, ի՞նչպես ենք դիմագրավում, ինչ քայլեր ենք ձեռնարկում, սեղանին ի՞նչ փաթեթ է դրված և ո՞րն է մեր տեսակետը»:
Comments