top of page

Իշխանությունը չի կարողանում երաշխիքներ տալ Սյունիքով անցնող ճանապարհների անվտանգության համար. «Փաստ»

  • May 25, 2021
  • 1 min read


«Արցախյան 44-օրյա պարտերազմում կրած ծանր պարտությունը տարածաշրջանում փոխել է ուժերի հարաբերակցությունը։ Ադրբեջանը ոչ միայն բռնազավթել է Արցախին պատկանող տարածքները, այլև սկսել է Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել։


Ուստի պատահական չէ, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում և Գեղարքունիքում ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք ու արդեն օրեր շարունակ ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև, ըստ շրջանառվող տեղեկությունների, շարունակում են ամրանալ որոշ ուղղություններով։


Սրան զուգահեռ, Ադրբեջանը ցանկանում է Հայաստանից ստանալ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Հայաստանի տարածքի ներսում իր վերահսկողության տակ ունեցած տարածքները՝ էքսկլավները, որոնք Հայաստանի տեսանկյունից անկլավներ էին։ Հայտնի փաստ է, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայկական ԽՍՀ վարչական տարածքում առկա էին ադրբեջանական էքսկլավներ, իսկ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գոյություն ուներ հայկական Արծվաշեն անկլավը։


Ըստ էության, նախատեսվում է քննարկել նախկին Խորհրդային Միության ներսում գոյություն ունեցող սահմանների վերականգնումը, սակայն միջազգային իրավունքում որևէ պարտադիր պահանջ չկա, որ ֆեդերալ պետության փլուզումից հետո ներքին սահմանները պետք է դառնան նրանից անկախացած պետությունների սահմաններ։ Ուստի դրա վերաբերյալ պնդումը չպետք է միանշանակ ընդունել, ու անհրաժեշտ է դիվանագիտական դաշտում հակընդդեմ գործիքներ կիրառել։


Հիմա իշխանություններն անգամ չեն կարողանում երաշխիքներ տալ Սյունիքում անցնող ճանապարհների անվտանգության մասով, հայտարարում են, օրինակ՝ զանգեք ԱԱԾ և այլն, ապա ի՞նչ վստահությամբ են խոսում Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհների մասով: Որևէ երաշխիք կարո՞ղ է լինել։ Իհարկե, ոչ: Ուրեմն, Ադրբեջանի պահանջների տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանը շարունակելու է միակողմանի զիջումների գնալ։ Եթե, իհարկե, այս իշխանությունները մնան, ինչի հավանականությունը գրեթե զրոյական է, եթե տոտալ, աննախադեպ, սանձարձակ կեղծիքներ չլինեն»,-գրում է թերթը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page