Երուսաղեմում մի խումբ հրեաներ վիրավորել և ծեծի են ենթարկել հայ հոգևորականներին

Երուսաղեմում մի խումբ հրեաներ հայ հոգևորականների են վիրավորել և ծեծի ենթարկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգևորական Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը:
«Մայիս 17-ի կեսգիշերին, լույս 18-ին, մոտավորապես 00:20-ին, մի քանի հրեաներ հարձակվեցին իմ և Հայր Արբակի վրա։ Միասին Սուրբ Հարության տաճար էինք իջնում՝ ծառայության։ Մեզ տեսնելով՝ սկսեցին եբրայերենով և ռուսերենով հայհոյել՝ «Մահ հայերին», «ազերները ձեզ լավ արեցին՝ սպանեցին», «ձեզի պիտի սպանենք ձեր Եշուայի նման», «մահ քրիստոնյաներին»։ Իսկ երբ նրանց ոստիկանատուն հրավիրեցի, պատասխանեցին. «մենք ոստիկանների առջև ձեզ կծեծենք»։
Ծեծկռտուքը իրենք սկսեցին, և առաջինը ինձ հարվածեցին, ապա Հայր Արբակը ինձ ուզեց պաշտպանել, և ինքն էլ հարված ստացավ, և երեքով հարձակվեցին Հայր Արբակի վրա։ Ծեծկռտուքի ժամանակ ոստիկաններ կանչեցի, որոնք անմիջապես հասան, և նրանցից չորսին ձերբակալեցին, որ հիմա ազատ են արձակվել չբացակայելու պայմանով։ Հարուցվել է քրեական գործ:
Առավոտյան բոլոր անհրաժեշտ հետազոտություններից հետո Հայր Արբակը դուրս է գրվել:
Ոստիկանապետը Հայոց պատրիարքի հետ զրույցում հաստատել է, որ քրեական գործն իր հսկողության ներքո է։
Նրանք գողացել են Հայր Արբակի հեռախոսը:
Դեպքը պատահել է Հայոց Պատրիարքարանի փողոցի վրա»,- գրել է Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը:























Comments