Երուսաղեմում հարձակման է ենթարկվել հայ հոգևորականը. Ի՞նչ է իրականում տեղի ունեցել

ՄԻ քանի ֆանատիկ օրթոդոքս հրեաներ օրեր առաջ հարձակվել էին Երուսաղեմի հայ հոգևորականներից մեկի վրա, ով գնում էր Սուրբ Հակոբյանց մայրավանքից դեպի Սուրբ Հարության տաճար՝ ծառայություն մատուցելու:
Հոգևորականը ծեծի էր ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Հայ հոգևորականին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, վիճակը այժմ նորմալ է:
«Մենք՝ հայերս, մնալու ենք մաքսիմալ չեզոք, նման դեպքեր Երուսաղեմում գրեթե յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում և ոչ միայն հայ հոգևորականների հետ:
ՈՒղղակի ի տարբերություն մյուս պատրիարքարանների հայերը միշտ քննադատում են նման հարձակումներն ու հակահարված տալիս, իսկ մեր Պատրիարքն էլ միշտ հետևողականորեն խնդիրները բարձրացնում է Իսրայելի իշխանությունների դիմաց և պահանջում է թե ոստիկանությունից և թե քաղաքային իշխանություններից համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ նման անկարգությունները կանխելու համար: Կատարվածին որակավորումներ տալ պետք չէ, կրկնում եմ սա օրթոդոքս յեշիվաների աշակերտների մշտական զբաղմունքն է՝ ֆանատիկներ, որոնք ամենասովորական օրերին ցանկացած քրիստոնյայի տեսնելիս թքում են գետնին». - հայտնում է Իսրայելում գործող «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր ու տնօրեն, Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի հայկական ծրագրերի տնօրեն Արտյոմ Չերնամորյանը:
Ավելի ուշ Երուսաղոմի Հայոց Պատրիարքությունը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշվում էր.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը խստիւ կը դատապարտէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանեանի վրայ հրեայ երիտասարդներու յարձակումը՝ Սուրբ Յարութեան տաճարի ճամբուն վրայ: Հայր Արբակ ստացած է մարմնական վնասուածք: Ան անմիջապէս տեղափոխուած է հիւանդանոց, ուրկէ անհրաժեշտ բուժում ստանալէն ետք, դուրս է ելած: Պատրիարքութիւնը պաշտօնապէս բողոք ներկայացուցած է ոստիկանութեան, որմէ ետք յարձակողներէն երեքը ձերբակալուած են: Պատրիարքութեան պահանջն է, որ ոստիկանութիւնը արդար քննութիւն կատարէ եւ յանացագործները պատժէ համաձայն օրէնքի՝ ապագային խուսափելու նման դէպքերու կրկնութենէ:
Դիւան Սուրբ Աթոռոյ
























Comments