Սաակաշվիլիի կողմնակիցների ակտիվացմանը զուգահեռ կարող են ակտիվանալ նաև նրան ընդդիմացողները. վրացագետ

Վրաստանում անցկացվող ՏԻՄ ընտրությունների, նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության, ինչպես նաև ընդդիմության ակցիաների մասին MediaHub.am-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։
-Պարո՛ն Մելիքյան, ինչո՞ւ Սաակաշվիլին գնաց Վրաստան՝ քաջ գիտակցելով, որ իրեն անմիջապես ձերբակալելու են։
- Սաակաշվիլին, շատ սթափ գնահատելով այսօրվա վիճակը Վրաստանում, ընտրություններից առաջ ցանկություն ուներ օգնելու իր քաղաքական ուժին՝ «Միացյալ ազգային շարժմանը»։ Վերջին ութ տարիներին նա անընդհատ խոսում էր այն մասին, ինչ այսօր արեց։ Նա արեց դա՝ մոտիվացնելու ընդդիմության էլեկտորատին, որ գնան և ընտրության մասնակցեն։ Սաակաշվիլիի նպատակն այն է, որ ընդդիմությունը գա և ջախջախի իշխանությանը։
- Կստացվի՞ ջախջախել իշխանությանը։
- Ինձ թվում է՝ որոշ չափով կստացվի։ Բայց թե քաղաքական ուժերից որը ձայների քանի տոկոսը կստանա, դեռ պարզ չէ։ Պետք է հասկանալ, որ Սաակաշվիլիի կողմնակիցների ակտիվացմանը զուգահեռ կակտիվանան նաև նրա ընդդիմախոսները։ Ներքաղաքական պրոցեսները բարձրացրել են այս ՏԻՄ ընտրությունների նշանակությունը, և հավանականությունը մեծ է, որ ընդդիմությունը կհաջողի՝ հատկապես տեսնելով Սաակաշվիլիի ձերբակալումը։ Բայց պետք է նաև հաշվի առնել, որ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան ևս այժմ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ է, և հավանական է, որ նա ևս շատ ձայներ ստանա։ Եվ հիմա ընդդիմությունն ունի հնարավորություն՝ մոբիլիզացնելու իր միջոցներն ու ապահովելու ձայների 43%-ը։
- Իսկ ի՞նչ կլինի, եթե իշխանությանը չստանա անհրաժեշտ թվով ձայներ, ի՞նչ իրավիճակ կստեղծվի Վրաստանում։
- Իշխանությունն ամեն ինչ պետք է անի այդ 43% ձայնը ստանալու համար, որ 2022 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն։ Եթե ընդդիմությունը թույլ չտա իշխանությանը ցանկալի ձայներ ստանալ, ապա ընդդիմությունն առաջ կքաշի արտահերթ ընտրությունների օրակարգը։ Այդ դեպքում կարող է կոալիցիոն կառավարություն ձևավորվել։ Դրա համար իշխանություններն ամեն բան անելու են, որ ստանան այդ ձայները։























Comments