top of page

Կառավարության օրակարգային 51 հարցերից 46-ը չզեկուցվող են

  • May 13, 2021
  • 2 min read


Կառավարության այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում քննարկվող հարցերի գերակշռող մասը չզեկուցվող է։ Այսպես, ըստ e-gov.am հարթակում հրապարակված օրակարգի, այսօրվա նիստում գործադիրը քննարկելու է 51 հարց, որոնցից 46-ը՝ չզեկուցվող է։ Զեկուցվող 5 հարցերից մեկն էլ, որը ներկայացնելու է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, գաղտնի է։


Զեկուցվող 4 հարցերից 3-ը վերաբերում են կրթության ոլորտին, և ներկայացվելու են ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի կողմից։


Ներկայացվող առաջին նախագիծը վերաբերում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելուն։ Ըստ նախագծի հիմնավորման, նորացված չափորոշիչները հնարավորություն կտան թե՛ վաղ մանկության զարգացման ոլորտին առնչվող տարբեր մասնագետներին, թե՛ ծնողներին նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման և կրթության համար ողջամիտ և հիմնավոր ակնկալիքներ ունենալ, որոնք հիմնված կլինեն ավելի վավեր և հուսալի չափորոշիչների վրա:


Քննարկվող մյուս նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել։


Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման գծով պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել 66 140 դրամ:


Զեկուցվող հարցերից երրորդը ևս վերաբերում է կրթության ոլորտին և զեկուցելու է ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։


Գործադիրը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 741-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցը։


Իսկ ահա վերջին հարցը ներկայացնելու է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Քննարկվելու է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page