top of page

Կարեն Կարապետյանը հայտնել է՝ ում է սատարելու առաջիկա ընտրություններում

Jun 14, 2021
2 min read



ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում սատարելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։


Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։

Պետք է փաստել, որ`

✓ բանակի մարտունակությունն էապես նվազել է, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը,

✓ ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա,

✓ հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության ու պետության զարգացման վրա,

✓ առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային,

✓ ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ,

✓ բազմաթիվ այլ խնդիրներ:


Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող:

Պետք է`

  • արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը,

  • մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն և հանգստություն,

  • արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ,

  • իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար,

  • վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը,

  • վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի:

Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։

Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։

Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով: Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։


Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։

Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետ պետություն։


Առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։

Խաղաղություն ու տրամաբանություն մեր երկրին, բոլորիդ լավ տրամադրություն` որքանով այն հնարավոր է այսօրվա իրավիճակում:


Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page