Կաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել է
- Jun 12, 2021
- 1 min read

Դատարանը բավարարել է Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Այս մասին հայտնեցին ՀՔԾ-ից։
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում էր կայացվել Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան: Նախաքննությունը շարունակվում է:
Comments