top of page

Ամռան տապն ու սրտանոթային խնդիրները. ինչպե՞ս պաշտպանվել

Jun 19, 2021
2 min read


Ամռան շոգն ու տապը, հատկապես, վտանգավոր են սրտանոթային հիվանդություն ունեցողների համար:


Թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանի խոսքով՝ ամռան ընթացքում սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է ավելի զգույշ լինեն, որոշակի կանոնների հետևեն և գտնվեն բժիշկների ավելի խիստ հսկողության ներքո, ինչպես նաև իրենց մոտ պահեն բոլոր անհրաժեշտ դեղերը: Մինչ այդ, սակայն, պետք է այցելեն իրենց բուժող բժշկին և հստակեցնեն՝ պե՞տք է փոխել դեղերը, թե՞ ոչ:


«Շոգ եղանակին մարդու արյունատար անոթները լայնանում են և, գուցե, անհրաժեշտություն առաջանա դեղաչափերը փոխելու»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց նա:


Ըստ սրտաբանի՝ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ մեծ քանակությամբ հեղուկ կորցնելու հաշվին արյան շրջանառությունը դանդաղում է, արյունը խտանում է, ինչը կարող է հանգեցնել անոթների խցանման` թրոմբոզի։


«Քանի որ նման մարդկանց մոտ թրոմբոզի առաջացման վտանգն առանց այն էլ բավական բարձր է, շոգը նրանց համար ավելի վտանգավոր է, քան առողջ մարդկանց համար»,- նկատեց նա:


Լամարա Մանուկյանը նշեց` շոգ եղանակին պետք է, հատկապես, ցերեկվա ժամերին՝ 12-17.00- ն ընկած հատվածում պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրսում լինելու դեպքում էլ հագնեն բարակ, բամբակե սպիտակ հագուստ:


Ըստ սրտաբանի` ավելի լավ զգալու համար պետք է օրվա մեջ առնվազն երեք լիտր հեղուկ օգտագործել, բայց` ոչ գազավորված: Նրա խոսքով՝ հատկապես նախընտրելի են ջուրը, բալի հյութն ու թանը, ինչպես նաև օրական մեկ բաժակ հանքային ջուրը:


Ինչ վերաբերում է սննդին, ապա, ըստ սրտաբանի, նախընտրելի է բանջարեղենային սննդակարգ պահպանել ու հրաժարվել տապակած սննդից: Ինչ վերաբերում է յուղոտ սննդին և խորովածներին, ապա դրանք պետք է առավելագույնս բացառել:


«Պետք է նաև հիշել, որ ալկոհոլային խմիչքներն ամռան ընթացքում խիստ վտանգավոր են, և պետք է բացառել դրանց օգտագործումը 100 տոկոսով»,- նկատեց նա:


Լամարա Մանուկյանը նաև խորհուրդ տվեց հրաժարվել մետաղյա զարդերից, քանի որ դրանք տաքանում և սկսում են ճնշել մարմինը, իսկ ոչ ազնիվ մետաղները, նույնիսկ, կարող են արևի ճառագայթների ազդեցության ներքո վնասակար ու խիստ վտանգավոր նյութեր արձակել:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page