Այս իշխանությունը Թաթոյանին ավելի կոշտ է վերաբերվում, քան նախկինները՝ որևէ մեկիս. Լարիսա Ալավերդյան
- Jan 17, 2022
- 2 min read

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արման Թաթոյանը ՀՀ պատմության միակ ՄԻՊ-ն է, որ կպաշտոնավարի մինչև լիազորությունների ժամկետի ավարտը։ Նախորդ բոլոր ՄԻՊ-երը հրաժարականներ էին ներկայացրել՝ օրվա իշխանությունների ճնշումների արդյունքում։
MediaHub.am-ի հետ զրույցում այս գրառմանն անդրադառնալով՝ ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ինքը հրաժարական չի տվել և դրա մասին արդեն 15 տարուց ավելի բարձրաձայնում է․
«Ես հրաժարական չեմ տվել, ես իմ ժամկետը աշխատել եմ, այն ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել հետևյալ պատճառով՝ օրենքը չէր նախատեսում, որ մինչև հաջորդ ՄԻՊ ընտրելը, պետք է որևէ օր չլինի թափուր այդ տեղը, այսինքն՝ այդտեղ բացակայում էր հստակ մի նորմ, որը կա բոլոր պաշտոնների վերաբերյալ, որ նախկին պաշտոն զբաղեցնողը շարունակում է իր գործունենությունը, մինչև հաջորդի ընտրությունը, ես պաըքարել եմ նրա համար, որ օրենքի մեջ մտցնեն այդ փոփոխությունը, չեն մտցրել։ Բացի այդ, Սահմանադրության 2005թ-ի փոփոխություններից հետո Ազգային ժողովը պետք էր տնօրիներ այդ պաշտոնի հետագայում ընտրելը։ Իրականում, նախագահը, որ ԱԺ պատգամավորների 3/5-րդի համաձայնությամբ նշանակել է ինձ, նա էլ տվել է ազատման մասին հրամանագիրը, դա եղել է խախտում, առաջին մասով Սահմանադրությունն է խախտվել, քանի որ Սահմանադրության մեջ կա հոդված, որով ամեն մի քաղաքացի իրավունք ունի դիմել ՄԻՊ-ին, քանի որ ինձանից հետո 40 օր թափուր է մնացել այդ պաշտոնը, ես դրա դեմ եմ բողոքել և հրաժարական չեմ տվել։ Հրաժարական չի տվել նաև Արմեն Հարությունյանը, նա մասնակցել է ՄԱԿ-ում պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի և դա արել է։ Միակ մարդը, որը հրաժարական է տվել ներկայիս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է։ Կարո՞ղ է էդ մարդիկ, ովքեր նման բան են գրում, աղյուսակ լավ չեն սովորել, ոնց կարող են էդ երկու բանի մասին 15 տարի խոսել»։
Անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանին՝ Ալավերդյանը նշեց․
«Խտրական վերաբերմունքը կապ չունի հրաժարականների հետ, հիմա Թաթոյանի հանդեպ ավելի կոշտ ու կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում այս իշխանությունը, քան որևէ մեկիս հանդեպ նախկինները։ Հիմա իրենք ի՞նչ են ուզում արդարացնել։ Եթե իրենք Ադրբեջանի պատվերն են կատարում Թաթոյանի հանդեպ՝ այդ ամոթալի գործընթացները սկսելով, նրանք դա արդարացնում են, որ իմ հանդեպ եղել են քաղաքական հետապնդումներ, որ դժգոհություն է եղել Արմեն Հարությունյանի, Կարեն Անդրեասյանի հանդեպ, նրանք ուղղակի դժգոհել են, իսկ իմ հանդեպ, այո, եղել են քաղաքական հետապնդումներ, հիմա դրանով իրենք ի՞նչ են արդարացնում, իրենց ամոթալի այդ հետապնդումը և թուրք-ադրբեջանական պատվերի կատարո՞ւմը, դա արդարացվո՞ղ բան է, դա որևէ բանով չեն կարող արդարացնել»։
Հարցին՝ որքանով է տեղյակ իշխանության ՄԻՊ-ի թեկնածուի գործունենությանը՝ Ալավերդյանը պատասխանեց․
«Նրա գործունեությունը ունեցել է խիստ սահմանափակ ծավալներ, նա եղել է գրասենյակային աշխատող, ես նրա աշխատանքի մասին չունեմ պատկերացում նույն այն չափով, ինչպես որ ՀՀ քաղաքացիների համար այդ անունն ընդհանրապես նոր է և այս առումով առաջինը, որ ես բոլորին եմ ասել, կցանկանամ իրեն՝ եթե ընտրվի, լավ աշխատի։ Բայց ես բոլորովին այլ զարմանք ունեմ՝ դեռ չընտրված, իրապես հասկանալով, որ ինքը հասարակության մեջ չունի այդ աջակցությունը, ինքը ուզում է ապացուցել անապացուցելին, որ ինքը հայտնի իրավապաշտպան է, ինձ դա իրապես զարմացնում է. երիտասարդ լինելու պատճառով է, թե ինչ որ ուրիշ բան է, բայց դա լավ սկիզբ չէ այդ պաշտոնի համար։ Կարծում եմ, կարող էր ասել, ոչինչ, ինձ չեն ճանաչում, կճանաչեն, բայց փորձել ասել, որ ինքն իր գործունեությամբ հայտնի է, ինձ զարմանք է պատճառում, և մնացած հարցերում կցանկանայի, որ ինքը լիներ սկզբունքային և այդպես մանիպուլիացիաների չդիմեր, երբ ընտրվեր, որովհետև այն, ինչ հիմա անում է ինքը, մանիպուլիացիա է»։
Արմինե Նավոյան























Comments