Ո՞վ է Սորոսի հիմնադրամում փոխարինում Լարիսա Մինասյանին․ «Հրապարակ»
Ապրիլի 9-ին «Բաց հասարակության հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ազատման դիմում էր գրել։ Ավելի ուշ, նա հանդես եկավ հայտարարությամբ` այդպես էլ չհայտնելով, թե ինչո՞ւ է որոշել հրաժարվել մի աշխատանքից, որը կատարում էր երկար տարիներ։
«Ես երջանիկ եմ, որ այս տարիների ընթացքում աշխատել եմ նվիրված անձնակազմի, տնօրենների խորհրդի և մեր խիզախ գործընկերների հետ` անցնելով բացառիկ և անհավատալի մարտահրավերների միջով: Հիմնադրամի աշխատանքը շարունակում է կարևոր մնալ նաև այսօր, գուցե այժմ ավելի, քան երբևէ: Իմ հանձնառությունն է հիմա՝ այս կարևոր հանգրվանում, առաջնորդության այնպիսի հնարավորություն ստեղծել, որը կուղղորդի Հիմնադրամի ընթացքը հաջորդ քսան տարիների համար»,- իր հայտարարության մեջ գրել էր Մինասյանը։

20 օր է անցել նրա ազատումից, սակայն մինչ այսօր ոչ մրցույթ է հայտարարվել, ոչ էլ թեկնածուներ կան։ Սորոսի գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանից հետաքրքվեցինք՝ ե՞րբ է հայտարարվելու մրցույթ, նա տվեց կցկտուր պատասխաններ, թե մրցույթը հայտարարվելու է, սակայն օր չնշեց։ Իսկ թե ով է այժմ Մինասյանի փոխարեն կատարում պարտականություններն, ասաց․ «Մեր տնօրենների խորհուրդը եւ աշխատակազմը միասին իրականացնում են աշխատանքները»։ Ամիրյանը անջատեց հեռախոսը այն բանից հետո, երբ հարցրինք՝ ինքն իր թեկնածությունը ներկայացնելո՞ւ է։ Նշենք, որ այս հիմնադրամի եւ հատկապես Լարիսա Մինասյանի գործունեությունը որոշ հասարակական-քաղաքական գործիչներ կործանարար են համարում Հայաստանի համար, որոշ ժամանակ առաջ այս հիմնադրամի մուտքի առջեւ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։ Պայքարը ղեկավարում էր «Վետօ» շարժումը։























Comments