Լիտվան դուրս է եկել ՉԺՀ-ի հետ` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների համագործակցության ձևաչափից

Լիտվան դուրս է եկել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի և Չինաստանի միջև «17+1» համագործակցության ձևաչափից և կոչ է անում եվրոպական մյուս երկրներին հետևել իր օրինակին, հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելուս Լանդսբերգիսը, գրում է DW-ն:
Ըստ նրա` ձևաչափն այլևս գոյություն չունի, քանի որ Լիտվան բացակայում է: Նախարարը նշել է, որ համաձայնության մնացյալ եվրոպական կողմերը պետք է նույնպես դուրս գան և համագործակցեն Չինաստանի հետ Եվրոպական միության կազմում. «Մեր տեսակետից ժամանակն է Եվրամիությունը բաժանող «16+1» ձևաչափից անցնել ավելի միավորող և, հետևաբար, ավելի արդյունավետ «27+1» ձևաչափին»,- նշել է Գաբրիելուս Լանդսբերգիսը:
ԵՄ-ում ՉԺՀ պատվիրակության ներկայացուցիչն ասել է, որ Պեկինը տեղյակ չէ Լիտվայի որոշման մասին: Նրա խոսքով` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ Չինաստանի համագործակցության ձևաչափը նախաձեռնվել է համատեղ երկու կողմից և համապատասխանում է համատեղ զարգացման նրանց ցանկությանը: Նա շեշտել է, որ Չինաստանը գերակա դիրք չի զբաղեցնում այս ձևաչափում: Ընդ որում, բոլոր կողմերը ներգրավված են համագործակցության մեջ կամավոր հիմունքներով, լայն խորհրդատվությունների, համատեղ ներդրման, բացության և ներառականության հիման վրա:























Comments