top of page

Հայաստանը վերահաստատում է պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամությունը. Փաշինյան

  • May 6, 2021
  • 2 min read

ree

Փաշինյանը Լավրովին ասել է, որ Բաքվի գործողություններն ուղղված են պայմանավորվածությունների տապալմանը։


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համար բոլոր ջանքերը գործադրելու պատրաստակամությունը, սակայն Բաքվի գործողություններն ուղղված են դրանց տապալմանը: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Կցանկանայի հավաստիացնել ձեզ, որ Հայաստանն այսուհետ ևս բոլոր միջոցները կձեռնարկի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Մենք նաև պատրաստ ենք առավելագույն ջանքեր գործադրել եռակողմ ձևաչափով կողմերի կառուցողական երկխոսությունն ապահովելու համար», - շեշտել է Փաշինյանը։

Սակայն, նրա խոսքով, Ադրբեջանի գործողությունները բոլորովին չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին:

«Բաքվի գործողությունները, որը շահարկում է ռազմագերիներին հանձնելու հարցը, հակահայկական վակխանալիա է կազմակերպում և տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանին, ընդհակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի սրմանը և պայմանավորվածությունների տապալմանը», - հավելել է Փաշինյանը: Նա գոհունակությամբ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը և վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա վերջնական կարգավորման հասնելու նպատակով խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև Հայաստան–Ռուսաստանի հարաբերությունների մասին։

«Կարելի է արձանագրել, որ վերջին ամիսներին մեր հարաբերությունները, որոնք բազմաթիվ անգամ դիմացել են ամրության փորձություններին, ավելի են ամրապնդվել։ Ծանր պահին Ռուսաստանը օգնության ձեռք մեկնեց մեզ, օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համաճարակի և դրա հետևանքների ու Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով։ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել ռազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի էական ապաէսկալացման։ Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է», - ասել է Փաշինյանը։

Նա հատուկ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության հասնելու գործում և նրա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության պայմանների ստեղծմանը։ Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։

Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այնուհետև նրան ընդունել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Դիվանագետները հուշագիր են ստորագրել։ Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրել հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։

Այնուհետև նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։


Նյութի աղբյուրը՝ Armeniasputnik




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page