Լոնդոնում գնահատել են Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի հնարավորությունը. «Pastinfo»

Բրիտանական կառավարությունը չի համաձայնի Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվեին։ Այսպես է գնահատել քվեարկության անցկացման հնարավորությունը Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Մայքլ Գոուվը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Գոուվի խոսքով՝ Լոնդոնում «չեն պատրաստվում դրանով զբաղվել» եւ«գնալ այդ փակուղային ճանապարհով»: «Որեւէ օրենսդրական միջոցների կամ դատական հայցերի վերաբերյալ շահարկումների սկիզբը՝ առկա խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ է», - ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ հանգամանքներում վարչապետ Բորիս Ջոնսոնը Շոտլանդիային թույլ կտար երկրորդ հանրաքվեն անցկացնել, Գոուվը հայտարարել է, որ այս պահին այդ հարցը չի քննարկվում: Նա համաձայնել է, որ Շոտլանդիայի բնակիչները քվեարկության իրավունք ունեն, «սակայն այժմ բացարձակապես կարեւոր է կենտրոնանալ առկա խնդիրների վրա»:
Ավելի վաղ Շոտլանդիայի անկախության կողմնակիցները հաղթանակ էին տարել տարածաշրջանի խորհրդարանական ընտրություններում: Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ եւ տարածաշրջանի առաջին նախարար Նիկոլա Սթերջենն այդ հաղթանակը «նշանավոր» է անվանել: Նա խոստացել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեն անցկացնել կորոնավիրուսային ճգնաժամի ավարտից անմիջապես հետո:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ քվեարկության մյուս հակառակորդները ոչ մի Ժողովրդավարական հիմք չունեն հանրաքվեն արգելափակելու փորձերի համար:
Շոտլանդիայի անկախության հարցով առաջին քվեարկությունը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 18-ին: Հանրաքվեի մասնակիցների շուրջ 55 տոկոսը կողմ է արտահայտվել Միացյալ Թագավորության կազմում երկրի պահպանմանը:























Comments