ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը Ռուսաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է. Կոպիրկին
- Sep 30, 2021
- 1 min read

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:
Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին՝ Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ կարեւորելով ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման դրական ազդեցությունը պետության զարգացման վրա:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար, բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Դեսպանն իր հերթին նշել է, որ խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է:
ՀՀ ԱԺ փոխնախագահը երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններում կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանն ու պատվիրակությունների համատեղ աշխատանքին:
Այս համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ շուտով կկազմավորվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունները և առաջիկայում կմասնակցեն վեհաժողովների նիստերին:
Comments