Մահացող բնակչություն․ 2021-ին մահերն ավելի շատ են, քան ծնունդները

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 14 318 ծնունդ և 14 337 մահ։ Այսինքն՝ գրանցված մահերի թիվը գերազանցում է ծնունդներին։
Արդյոք Հայասատանը վերածվո՞ւմ է մահացող պետության, ինչո՞ւ է բնական հավելաճի ցուցանիշը բացասական․ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է ժողովրդագիր Արտակ Մարկոսյանի հետ։
«Մահացության թվի այդպիսի աճը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին մենք համաճարակի հետևանքով 2000- ից ավելի մահ ենք գրանցել, ինչն ազդում է բնական հավելաճի վրա, բայց, կարծում եմ, եթե մենք տարվա երկրորդ կիսամյակին ունենանք նույն տվյալներն, ապա տարին կփակենք դրական ցուցանիշով»,- կարծիք հայտնեց նա։
Հարցին, թե 14 337 մահերի ցուցանիշում հաշվառվա՞ծ են Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների թվերը, Արտակ Մարկոսյանը դժվարացավ պատասխանել։
ԱՎԾ Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զոհված զինծառայողների թիվն արտացոլվել է 2020- ի վիճակագրությունում։
«Չենք կարող ընդհանրապես բացառել, որ մի քանի դեպք 2021- ին հաշվառված լինի, քանի որ, հնարավոր է, մի քանի ուշացում եղած լինի»,- ասաց Կարինե Կույումջյանը։
Նա նկատեց՝ դեռևս նախնական օպերատիվ տվյալներն են հավաքագրվել և, հնարավոր է, որ մի քանի զոհված զինծառայողի տվյալ ևս լինի։ Ըստ Կույումջյան՝ մահվան դեպքերը մեկ առ մեկ ուսումնասիրելուց հետո հնարավոր կլինի հստակ պատասխանել հարցին, թե զոհված զինծառայողներից քանիսի՞ մահն է գրանցվել 2021 թվականի վիճակագրությունում։























Comments