top of page

Ալիևի ռազմատենչ ելույթից հետո ավելի ճիշտ կլիներ, որ նույն հռետորաբանությամբ պատասխան տրվեր. փորձագետ

  • Sep 24, 2021
  • 1 min read

ree


Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթից հասկանում ենք, որ Հայաստանը որդեգրել է, ինչպես իշխանության ներկայացուցիչներն են ասում, տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու մոտեցումը։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը։


Նրա խոսքով, սակայն, Փաշինյանի խոսքում չի ասվում, թե ստեղծված իրավիճակում ինչպես ենք մենք հասնելու այդ խաղաղության օրակարգին։


«Ալիևի ռազմատենչ ելույթից հետո, կարծում եմ, ավելի նպատակահարմար և ճիշտ կլիներ, որ նույն հռետորաբանությամբ պատասխան տրվեր»,- նշեց նա։


Վիտալի Մանգասարյանը նաև հիշեցրեց, որ Ալիևը Հայաստանին մեղադրում էր բազմաթիվ ռազմական հանցագործությունների, ֆոսֆորային և այլ չթույլատրված զինատեսակներ օգտագործելու և գերիներին խոշտանգելու մեջ, ապա նշեց, որ թեև ՀՀ ղեավարը խոսեց գերիների մասին, և հստակ շեշտեց, որ մենք անհերքելի փաստեր ունենք, թե ինչ դաժանությամբ են ադրբեջանցիները վարվում մեր գերիների հետ, սակայն չներկայացրեց, թե ինչ գործողություններ պետք է հետևեն այդ ամենին։


«Գերիների մասով մենք արձանագրում ենք, որ ունենք անհերքելի փաստեր։ Սակայն թե ինչ ձևով ենք մենք դրանք օգտագործելու Ադրբեջանի դեմ, ինչ պատասխանատվություն ենք պահանջելու, որ միջազգային հանրությունը պահանջի Ադրբեջանից, մեր երկրի ղեկավարը տարօրինակ կերպով չէր խոսում։ Իսկ թշնամի երկրի ղեկավար Ալիևը շինծու մեղադրանքներ հնչեցրեց և զուգահեռ խոսեց պատասխանատվության ինչ֊որ մեխանիզմների մասին»,- ասաց նա։


Ըստ ռազմական փորձագետի՝ Հայաստանի պատասխանը պետք է լիներ նույն տրամաբանության մեջ, որով Ադրբեջանն էր առաջնորդվում, ինչը, սակայն, այսօր չեղավ։


«Այսօր այս բարձր ամբիոնն օգտագործելու և Ադրբեջանին համարժեք պատասխան տալու ամենապատեհ պահն էր, ինչը, սակայն, մենք չտեսանք»,- նկատեց նա։


Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ՝ պետք էր օգտագործել նաև հանգամանքը, որ մեր երկրի ղեկավարի ելույթը Ադրբեջանի ելույթից հետո էր, և Ալիևի հնչեցրած բոլոր մեղադրանքներին և պոռոտախոսությանը պատասխանելու համար հարմար առիթ էր ստեղծվել։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page