Եթե այսպես շարունակեք, հաջորդ ընտրություններին Սյունիքից մարդիկ վիզայով կգան․ Մամիջանյանը՝ ՔՊ-ին

«Բա, որ եկել էիք համակարգային փոփոխություններ անելու, ինչո՞ւ Դավթյան Արթուրը, Տիգրան Մուկուչյանը, Սասուն Խաչատրյանը մնացին, չէ՞ որ նրանք այդ համակարգի հիմնասյուներն էին»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Բացի այդ, պատգամավորը հորդորեց չխոսել արյունոտ ձեռքեր մասին։
«Մարդիկ, որոնք պատերազմի օրերին տեսել են ՄՈԲ-ի կազմակերպումը, լոգիստիկան, երբեք թույլ չեն տա, որ դուք խոսեք արյունոտ ձեռքերի մասին։ Կամ՝ խոսում եք կեղծված ընտրությունների մասին, բա, ո՞նց էր, որ ձեր քաղաքական ուժի առաջնորդը կանգնել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին»,- ասաց նա։
Բացի այդ, Հայկ Մամիջանյանը հարցրեց, թե ինչպե՞ս եղավ, որ մի քանի հարյուր հազար ձայն պակաս ստանալով, իշխանության թավշյա մանդատը վերածվեց պողպատի։
«Իշխանափոխությունից հետո մի արտահայտություն շրջանառվեց՝ բա, սրա համար էինք պայքարո՞ւմ։ Լենա Նազարյանն, օրինակ, պայքարում էր որպես էկոակտիվիստ, իսկ երեկ «Ֆիզգորոդոկում» ծառեր էին հատում։ Վլադիմիր Վարդանյանը տարիներ շարունակ աշխատել է ՍԴ-ում, իսկ անցած տարի իր աչքի առաջ սահմանադրությունն ԱԺ ամբիոնից բռնաբարում էին»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ այս իշխանությունը պայքարել է նրա համար, որ ԱԺ-ն «սպեցի» տղերքի կողմից հսկվի, իսկ սահմանները՝ ոչ։
«Դուք պայքարել եք նրա համար, որ Սյունիքում ոստիկանական անցակետ ունենա թշնամին։ Դու պայքարել եք, որ ձեր քաղաքական առաջնորդը վախենա ու մի քանի հարյուր ոստիկանով շրջապատված քայլի»,- նշեց նա։
Հայկ Մամիջանյանը շեշտեց՝ եթե իշխանությունն այսպես շարունակի, հաջորդ ընտրություններին Սյունիքի մի քանի գյուղեր վիզայով ենք գալու։
Խոսքի վերջում Մամիջանյանը խորհուրդ տվեց ընտրական օրենսգրքով սահմանել, որ ադրբեջանցիներն էլ կարողանան ընտրել Հայաստանում, այնտեղ Փաշինյանը շատ ընտրողներ ունի։























Comments