Քաջարանի համայնքապետը կմնա կալանքի տակ
![](https://static.wixstatic.com/media/d020f1_9ba2e1df26e74c3988fd11060db33d60~mv2.jpg/v1/fill/w_705,h_375,al_c,q_80,enc_auto/d020f1_9ba2e1df26e74c3988fd11060db33d60~mv2.jpg)
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։ Վերջինս կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Ինչպես հայտնել ենք, հուլիսի 8-ին Քաջարանի քաղաքապետի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, ինչից հետո Փարամազյանին բերման էին ենթարկել ԱԱԾ։
Պաշտպանները բողոքարկել են ձերբակալման իրավաչափության հարցը, սակայն մինչ դատարանը կքններ այն, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Փարամազյանին և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։
Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (Խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:
Comments