top of page

Ադրբեջանը ենթադրել է, որ Հայաստանի կողմից համարժեք պատասխան չի լինելու. Մարգարով

May 18, 2021
2 min read

Ադրբեջանը ենթադրել է, որ այն երկրի կողմից, որի տարածք ներխուժել են, չի լինի այնպիսի արձագանք, որը կստիպի իրենց զղջալ՝ կատարածի համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելուն։


Ըստ նրա՝ այս քայլերով Ադրբեջանը, ըստ էության, շարունակում է այն գործողությունները, որոնք սկսվել են 2016 թվականի ապրիլին և շարունակվել 2020 թվականին:


«Ադրբեջանն իր գործողություններով իրականացնում է այն, ինչը նախկինում ներկայացնում էին հայտարարությունների տեսքով։ Այսինքն՝ հայտարարում էին, որ կլուծեն Ղարաբաղի խնդիրը, թե Սյունիքը եւ Երևանը իրենց տարածքն է։ Եւ հիմա Բաքուն աստիճանաբար ստուգում է Երեւանի հնարավոր պատասխանը եւ փորձում իրականացնել իր քաղաքական ծրագիրը»,- շեշտել է քաղաքագետը՝ նշելով, որ դրա շարժառիթները տարբեր են։ Օրինակ՝ Ադրբեջանը ցանկանում է ընդլայնել իրենց ազդեցությունը, իրականացնել ավելի երկարատև պլանները՝ կապված պանթյուրքիստական ծրագրի հետ, ազդել Հայաստանի քաղաքականության վրա և ցույց տալ սեփական նշանակությունը տարածաշրջանում:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի կողմից իրականացվող քայլերն այնքան էլ համարժեք չեն ադրբեջանցիների գործողություններին եւ այն փաստը, որ Ադրբեջանը գնացել է նման սադրանքների, վկայում է այն մասին, որ նրանք Երեւանից սպասում էին հենց բավականին թույլ արձագանք։

Քաղաքագետն արձանագրել է, որ ցանկացած պետության տարածքային ամբողջականություն խախտվելու դեպքում այդ երկիրն արձագանքում է դրան՝ անվտանգային գործառույթի շրջանակներում:

«Եթե մենք այս դրույթը ընդունենք որպես հիմք, ապա կնկատենք, որ լիարժեք պատասխան առայժմ չեն ցուցաբերել: Մյուս կողմից փորձում ենք իրականացնել գործողություններ, որոնք ցույց կտան իրենց պատրաստակամությունը անդրադառնալ այս հարցին: Առայժմ դա ստացվում է այլ մարդկանց ներգրավվածությամբ, այլ կառույցներին դիմելով: Պետությունը պետք է ունենա պոտենցիալ, որ ոչ մեկը չփորձի իրականացնել այսպիսի քայլեր: Բայց եթե նման բան տեղի է ունեցել, ուրեմն սպասվում է, որ պատասխանը լինելու է շատ ավելի թույլ, քան անհրաժեշտ է», - ասաց Մարգարովը:


Նա նաև չբացառեց, որ ստեղծված իրավիճակում կարող արտահերթ ընտրությունները չեղարկվեն։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ապրել է կամ ռազմական, կամ արտակարգ ռեժիմում, ինչի համար կային եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ: Հիմա չի կարելի բացառել, որ ընտրությունները կարող են հետաձգվել ռազմական դրության պատճառով: Սա աննախադեպ իրավիճակ է, երբ հակառակորդը պարզապես ներխուժել է ՀՀ տարածք: Այո, 90-ականներին եղել են տարբեր գործընթացներ, ռմբակոծվել է Հայաստանի տարածքը, սակայն սահմանի անցումը նման ձևաչափով ես չեմ հիշում», - շեշտեց քաղաքագետը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page