Ոնց կորոշի մեր ղեկավարը. Կարեն Սարգսյանը՝ մարզպետ նշանակվելու մասին
- Aug 17, 2021
- 1 min read

Դուք մի ամբողջ մարզի ՋՕ-ի փոխտնօրեն կնշանակեի՞ք որևէ մեկին, որը ոռոգման համակարգի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Խորհրդարանում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նկատի ունենալով հենց Կարեն Սարգսյանին։
«Դուք այնքանով եք առնչվել ջրային կոմիտեի համակարգին, որ 2019-ի ապրիլին առաջին անգամ դարձել է ՋՕ-ի փոխտնօրեն, իսկ մայիսից աշխատել է Գեղարքունիքի ՋՕ-ի տնօրեն, այնուհետև նշանակվել կոմիտեի նախագահ»,- նշեց պատգամավորը։
Կարեն Սարգսյանը պատգամավորի հարցին դրական պատասխանեց. «Այո, կնշանակեի։ Մի քանի ցուցանիշներ կասեմ իմ աշխատած ժամանակահատվածից, որ նման հեգնանքով չմոտենաք մեր նշանակումներին։ Նախորդ տարի կազմակերպել ենք այնպիսի աշխատանք, որ ունեցել ենք 40 մլն խորանարդ մետր ջրի կորուստների նվազեցում։ Նախատեսվել էր, որ այդ տարվա ընթացքում պետք է ծախսվեր 13.5 մլրդ դրամ և կազմակերպվեր ոռոգում, 2.7 մլրդ դրամի խնայողություն ենք ունեցել։ Եթե այս ցուցանիշները ձեզ որևէ բան ասում են, ուրեմն կնշանակեի, եթե չեն ասում, ուրեմն թող մնա ձեր խղճին»,-ասաց Կարեն Սարգսյանը։
Պատգամավորը Կարեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ երկա՞ր է պաշտոնավարելու՝ հաշվի առնելով այն խոսակցությունները, որ պատրաստվում է մարզպետ նշանակվել, Կարեն Սարգսյանն արձագանքեց. «Ոնց կորոշի մեր ղեկավարը»։
Comments