Մեկնարկում են աշխատանքներ՝ բանակցային ոստիկանության ներդրման ուղղությամբ
- Nov 19, 2021
- 1 min read

Նոյեմբերի 15-ից 19-ը ՀՀ ոստիկանությունը հյուրընկալել է ԵԱՀԿ փորձագիտական պատվիրակությանը։ Այցի նպատակն է եղել քննարկել ՀՀ ոստիկանությունում բանակցային ոստիկանության ծառայության սկզբունքների ներդրման հեռանկարն ու եղանակները։
Բանակցային ոստիկանության ծառայության խնդիրը զանգվածային միջոցառումների ժամանակ արդյունավետ բանակցություններ վարելն է։
Այն միտված է ոստիկանություն-հասարակություն համագործակցության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը, հասարակական անվտանգության արդյունավետ կառավարմանը։
ԵԱՀԿ փորձագետներ Սանյա Վիկլունդը և Կառլ-Յոհան Ալստրոմը կարիքների գնահատման նպատակով այս օրերին հանդիպումներ են ունենում ոստիկանության շտաբի ղեկավարության, մի շարք ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարության հետ։
Նոյեմբերի 15-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ընդունել է ԵԱՀԿ փորձագետներին և ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։ Ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի հետ ՀՀ ոստիկանության համագործակցությունը, ինչի շնորհիվ իրագործվել են բազմաթիվ ծրագրեր։ Արմեն Մկրտչյանը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում բանակցային ոստիկանության ներդրմանը։
Այցի արդյունքների հիման վրա ԵԱՀԿ փորձագետների կողմից նախատեսվում է մշակել վերապատրաստման ծրագիր, որը կնպաստի բանակցային ոստիկանության սկզբունքների ներդրմանը Հայաստանում։


























Comments