top of page

Մեկ տարի է՝ Հայաստանն ահազանգում է լուրջ սպառնալիքների մասին, վանդալիզմը պետք է դատապարտվի.ՀՀ դեսպան

Oct 15, 2021
2 min read


ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հոկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Դեսպան Տեր-Ստեփանյանի հաշվետու ելույթը հրապարակվել է Nouvelles d'Arménie հանդեսի՝ «Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը քննադատում է ատելության դրսևորումները» վերտառությամբ հոդվածում։


Ներկայացնում ենք ելույթի հայերեն թարգմանությամբ սղագրությունը.


«Պարոն Գործադիր խորհրդի նախագահ,

Տիկին գլխավոր տնօրեն,

Ձերդ Գերազանցություն դեսպաններ, հարգելի գործընկերներ,

Առաջին հերթին, կցանկանայի շնորհակալություն հայտնել Գլխավոր տնօրենին զեկույցի համար և օգտվելով առիթից՝ ողջունել այն հսկայական աջակցությունը, որն ուրվագծվում է իր թեկնածության շուրջ մեր Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու կապակցությամբ:

Այս վստահությունը հատկապես կարևոր կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար:

Դրանց թվում է կրթության համընդհանուր հասանելիության խիստ կարևոր հարցը. այն ուղղորդում է մեր Կազմակերպության գործունեության նշանակալի մասը:


Դա վերաբերում է բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի պաշտպանությանը՝ ապահովելու կրթության հասանելիությունը յուրաքանչյուրի համար՝ անկախ մարդու կարողությունից, ռասայից, սեռից, էթնիկ ծագումից: Այն վերաբերում է նաև խոցելի բնակչությանը, հատկապես հակամարտության գոտիներում ապրողներին:


Այս առումով, ես կարևոր եմ համարում հիշատակել մեկ տարի առաջ Արցախից հեռացած հազարավոր փախստականների իրավիճակը, որոնք ստիպված են եղել փախուստի դիմել իրենց պարտադրված պատերազմի պատճառով։ Հայաստանն աշխատում է բավարարել այդ մարդկանց կրթական կարիքները՝ սպասելով նրանց վերադարձին Արցախում իրենց մշտական բնակության վայրեր:

Այս մարտահրավերների թվում է նաև ատելության խոսքի և անհանդուրժողականության այն վիրուսը, որը տարածվում է շատ մտահոգիչ կերպով. այն, ցավոք, ամրապնդվում է քաղաքական առաջնորդների հայտարարություններով, որոնք խարան են դնում որոշակի էթնիկ խմբերի վրա` նրանց նկատմամբ բռնություններն օրինականացնելու նպատակով: Գլոբալ քաղաքացիության կրթությունը մնում է այս արհավիրքը վերացնելու արդյունավետ միջոցը, և մենք պետք է հավատարիմ մնանք այն խթանելու գործին:

Մենք նաև տխրությամբ արձանագրում ենք, որ ատելության և անհանդուրժողականության այս վիրուսն ազդում է մարդկության մշակութային ժառանգությանը պատկանող հարստության վրա:

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանն ահազանգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին այն լուրջ սպառնալիքների մասին, որոնց ենթարկվում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքները և դրանց ամբողջական ոչնչացումից խուսափելու համար անհապաղ միջամտելու անհրաժեշտության մասին:

Մենք երախտապարտ ենք տիկին Օդրի Ազուլեին այն ջանքերի համար, որ նա ներդրել է այդ ժամանակից ի վեր, շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ և դրան հարակից տարածքներ գործուղելու անկախ տեխնիկական առաքելություն, որը կկարողանար հավասարակշռության սկզբունքի հիման վրա մուտք ունենալ կողմերի մշակութային վայրեր:

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը կողմ էր արտահայտվել Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին ի աջակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությանն ընդունված հռչակագրին, այդ երկիրն այս ամբողջ ընթացքում շարունակել է արգելափակել այդ առաքելության իրականացումը:

Նման խոչընդոտող մոտեցումը մեզ ստիպում է լուրջ մտավախություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի համար, մանավանդ որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ավերածություններն ու վանդալիզմի գործողությունները շարունակվել են և մեր կողմից պետք է արժանանան ամենախիստ դատապարտման:

Հայաստանն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը և անդամ պետությունները կշարունակեն մոբիլիզացված մնալ այս հարցում: Իրոք, մշակութային ժառանգության պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր դերի լիարժեք իրագործումը մեր բոլորիս պատասխանատվությունն է:

Շնորհակալություն ուշադրության համար։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page