Բաքուն որդեգրել է «Մեծ Ադրբեջան» կառուցելու ռազմավարությունը

Դիվանագիտական ուղիներով Իրանին պետք է հասցնել այն փաստը, որ ուղղակի կամ անուղղակի աջակցությունն էթնիկ անջատողականությանն Ադրբեջանում ոչ մի լավ բան չի խոստանում Իրանում տարածքային ամբողջականության և քաղաքական կայունության համար, որտեղ ապրում է ավելի քան 30 մլն ադրբեջանցի թյուրք: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միասնական ժողովրդական ճակատի նախագահ, պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը:
Ադրբեջանը բացահայտ սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությանն ու ազգային անվտանգությանը՝ Բաքուն իր պատգամավորի շուրթերով բացահայտում է թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակներն Իրանի հանդեպ:
44-օրյա պատերազմից հետո Բաքուն և Անկարան ամրապնդվել են մերձարաքսյան շրջաններում, որոնք սահմանակցում են Իրանական Ադրբեջանին: Բաքուն սպառնում է ոտքի հանել իրանական ադրբեջանցիներին՝ ընդդեմ Իրանի կենտրոնական իշխանությունների:
44-օրյա պատերազմից հետո Շուշիի հռչակագրով Ադրբեջանը փաստացի՝ դե-ֆակտո, վերածվել է Թուրքիայի ռազմա-քաղաքական, տնտեսական կցորդի՝ սատելիտի, կյանքի կոչելով պանթուրքական, պանթուրանական ծրագրեր: Իրանն, իհարկե, հետևություններ կանի Բաքվի այս հակաիրանական հայտարարություններից:
Արևմուտքն օգտագործելու է թուրք-ադրբեջանական ուժերի պանթուրքական ծրագրերը՝ Իրանն էթնիկ-կրոնական սահմաններով մասնատելու, թուլացնելու համար: Բաքուն տասնամյակներ շարունակ առաջ է մղում Ադրբեջանի Հանրապետության և Իրանական Ադրբեջանի միավորման՝ «Մեծ Ադրբեջան» կառուցելու գաղափարը:
Եթե Իրանը մասնատվի էթնիկ-կրոնական սահմաններով, դա մահացու վտանգ է ներկայացնելու նաև Իրանի հետ սահմանակցող Հայաստանի համար: Բաքվի և Անկարայի համատեղ ծրագրերը Սյունիքի նկատմամբ ապագայում ուղղվելու են նաև Իրանի դեմ, Արևմուտք-Թուրքիա-Իսրայել եռյակը փորձելու է կյանքի կոչել Իրանի բալկանիզացիան՝ մասնատումը, որի արդյունքում Իրանական Ադրբեջանը կարող է միանալ Մեծ Թուրանին՝ Թուրքիա-Ադրբեջան միավորմանը: Այս սցենարն աղետալի է թե՛ Իրանի, թե՛, առավել ևս, Հայաստանի համար:
Իրանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Իրանով է անցնում Հայաստանի համար կյանքի ճանապարհը, Իրանում է բնակվում մեծաթիվ հայ համայնքը: Հայ-իրանական ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ կապերը պետք է խորացնել՝ պանթուրքական էքսպանսիոնիստական քաղաքականությանը դիմագրավելու համար:
Արտյոմ Բալասանով























Comments