top of page

Արցախյան պատերազմից հետո Մեծ Թուրանի ծրագիրը նոր շունչ է ստացել

Sep 20, 2021
1 min read

Ադրբեջանն օկուպացված հայկական Շուշի քաղաքը ներկայացրել է 2023թ. թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքի կոչման։ Ինչպես Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը, առաջարկը նա ներկայացրել է ԹՅՈւՐՔՍՈՅ-ի 38-րդ նախարարական նիստում՝ Ուզբեկստանի Խիվա քաղաքում։ Ադրբեջանը շարունակում է Արցախի թրքացման ռազմավարությունը քարոզչական, ժողովրդագրական, ռազմաքաղաքական առումներով: Շուշին Արցախի սիրտն է, կարևոր ռազմավարական դիրք ունեցող քաղաք, և Բաքուն ցանկանում է այն վերածել ռազմաքաղաքական լուրջ գործոնի՝ ապագա ռազմական գործողությունների համար: Դեպի Շուշի կառուցվում են ճանապարհներ, այլ ենթակառուցվածքներ՝ ապագայում Շուշիից Ստեփանակերտին ռազմական հարված հասցնելու, Լաչինի միջանցքը կտրելու նպատակով: Քարոզչական տեսանկյունից Բաքուն ցանկանում է Շուշիի հայկական դեմքն աղավաղել և այն ներկայացնել իբրև թուրքական քաղաք՝ պանթուրքական երկարաժամկետ ռազմավարությունից ելնելով: Անկարա-Բաքու տանդեմը 44-օրյա պատերազմի արդյունքներով ստորագրեց Շուշիի հռչակագիրը, որը կարելի է համարել անկյունաքարային փաստաթուղթ պետությունների ինտեգրացիայի համար: Թուրքիան և Ադրբեջանը Շուշիի հռչակագրով դե ֆակտո վերածվում են մեկ պետության՝ բանակների, տնտեսությունների, էներգետիկ-տրանսպորտային լոգիստիկայի, սփյուռքի կառույցների ինտեգրացիայի առումներով: Այսօր Ադրբեջանը Թուրքիայի համար պլացդարմ է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Կասպյան տարածաշրջանում պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման համար: Ադրբեջանը թուրքական կարևոր նավթագազային ռեսուրսային բազա է, որտեղից սնուցվում է թուրքական տնտեսությունը: Արցախյան պատերազմից հետո թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական, տնտեսական ինտեգրացիան բարձրացել է որակական նոր մակարդակի․ թուրքական ընկերությունները պատերազմից հետո Բաքվի տիրապետության տակ անցած շրջաններում մասնակցում են տնտեսական նախագծերին: Պատահական չէ, որ հենց Շուշիում ստորագրվեց Շուշիի հռչակագիրը՝ որպես առանցքային փաստաթուղթ երկու երկրների ինտեգրացիայի առումով: Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո Մեծ Թուրան կառուցելու Բաքվի և Անկարայի ռազմավարությունը նոր շունչ է ստացել: Հայկական կողմը ռուսական և իրանական գործընկերների, դաշնակիցների հետ միասին պետք է պայքարի այդ ռազմավարության դեմ, հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվանա միջազգային կառույցներում՝ հայկական Շուշի քաղաքի մասին իրական, պատմական տեղեկությունները տեղ հասցնելու նպատակով: Կարևոր է քարոզչական ոլորտում ակտիվացնել նաև Սփյուռքի հայկական կառույցերը․ Շուշին եղել է և լինելու է պատմական հայկական քաղաք:


Արտյոմ Բալասանով

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page