top of page

Վերջ տալ երկրի պառակտմանը. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը ՀՀ արտահերթ ընտրություններին

Jun 20, 2021
2 min read

Հունիսի 20-ին ՀՀ-ում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց անդրադարձել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:


Bloomberg-ը գրում է, որ «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մարտահրավերներ են նետել մրցակիցներ, որոնցից ամեն մեկի հետևում կանգնած են Հայաստանի նախկին երեք առաջնորդները: Նշվում է, որ արտահերթ ընտրությունները նշանակվել են 44- օրյա պատերազմում պարտության և երկրում քաղաքական ճգնաժամի առաջացման ֆոնին:

Al Jazeera-ն գրում է, որ անցյալ տարվա ռազմական պարտությունից հետո իր վարկանիշի մեծ մասը կորցրած Փաշինյանը հույս ունի կրկին մանդատ ստանալ և սերտ մրցավազքի մեջ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննադատները նրան մեղադրում են անցյալ տարվա մարտերը դադարեցրած զինադադարի համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի տարածքներն Ադրբեջանին զիջելու և բարեփոխումների խոստումները չկատարելու համար: Աղբյուրը նկատում է, որ Հարավային Կովկասի` շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող այս երկրում անցկացվող ընտրություններին ակնդետ կհետևեն Ռուսաստանը, ինչպես նաև Թուրքիան, որը սատարում էր Ադրբեջանին անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ վեցշաբաթյա պատերազմում:

France24-ը գրում է, որ հայերը կիրակի գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք միտված են վերջ տալու Ադրբեջանի հետ աղետալի պատերազմից հետո երկրի պառակտմանը, բայց կարող են հետընտրական բողոքներ առաջացնել: «Մենք հոգնել ենք ներկա կառավարությունից: Մեր ժողովրդին չափազանց շատ են ստել, այնպես, որ մենք որոշել ենք՝ փոփոխության ժամանակն է»,- գործակալության հետ զրույցում ասել է 63-ամյա Աշոտ Հակոբյանը:

Associated Press-ը, նշում է, որ ըստ հարցումների` Փաշինյանի կուսակցությունը և Քոչարյանի դաշինքը սերտ մրցավազքում են, և անհասկանալի է, թե ով կկարողանա ստանալ խորհրդարանի տեղերի 54%-ը, որն անհրաժեշտ է կառավարություն ստեղծելու համար:

Radio Free Europe-ը գրում է, որ Հայաստանի արտահերթ ընտրությունները նպատակ ունեն լուծել այն քաղաքական ճգնաժամը, որը պատել է երկիրն անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի դեմ պատերազմում: Այնուամենայնիվ, վերլուծաբանները նախազգուշացնում են, որ հունիսի 20-ի արդյունքները կարող են քաղաքական բռնությունների պատճառ դառնալ Երևանի փողոցներում: Փաշինյանի ժողովրդականությունն ընկել է այն բանից հետո, երբ նա 2020թ. նոյեմբերին ստորագրեց Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարը, որը դադարեցրեց Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը Լեռնային ղարաբաղում և նրա շրջակայքում: Արդյունքում Փաշինյանի հավանության վարկանիշը վեցշաբաթյա պատերազմից առաջ 60 տոկոսից ընկել է շուրջ 24 տոկոսի: Միևնույն ժամանակ, մայիսի սկզբին հիմնադրվելուց ի վեր Քոչարյանի «Հայաստան» դաշինքին աջակցությունը 7 տոկոսից հասավ մոտ 24 տոկոսի:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page