Քարոզարշավը իրար հայհոյելու և վիրավորելու համար չէ․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է՝ նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են տարբեր քաղաքական ուժերի և առանձին գործիչների, այդ թվում՝ պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ:
«Ընդ որում, այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում, հայհոյում կամ մեղադրում է մյուսին, ապա հանրությունն էլ սկսում է անհամբեր սպասել, թե ինչ կամ ինչպես է այդ մյուս կողմը պատասխանելու:
Տպավորությունն էլ այն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր ու նոր բառերով է հայհոյում կամ վիրավորում: Հետո էլ այդ նույն բառերով իրար են հայհոյում ու վիրավորում քաղաքական ուժերի կամ հանրային գործիչների կողմնակիցները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Ըստ Արման Թաթոյանի՝ նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ:
«Այս ամենի արդյունքում էլ ստացվել է այնպես, որ հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է միայն իշխանավեճի թեմաներով»,- գրել է նա:
Արման Թաթոյանի խոսքով՝ նախընտրական շրջանում պետք է քննարկման առարկա դառնան իրական կյանքում մարդկանց հուզող հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվում են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ու արտահերթ զեկույցներով։
Ըստ պաշտպաանի՝ ակնհայտ է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը։























Comments