Խիստ մտահոգիչ են հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը. ՄԻՊ
- Jun 30, 2021
- 2 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խիստ մտահոգիչ են մնում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը, որ խրոնիկ են դարձել:
Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում՝ մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով:
Դատարանների որոշումները ձևական ու մակերեսային են` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար:
Օրինակ՝ Արմաշի առողջության կենտրոն անցյալ տարվա այցը պարզել է, որ տնօրինությունը 19 անձի համար՝ երկու խմբով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, որոնցից 7-ի վերաբերյալ դատարանի վճիռներ այցի պահին դեռևս առկա չեն եղել։
Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը և արձանագրել, որ հիվանդության պատմագրերում բացակայել են «Բժշկական հանձնաժողովային եզրակացության» օրվա կամ դրան նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում բժշկական հանձնաժողովային զննություն իրականացնելու կապակցությամբ գրառումներ: Որոշ դեպքերում հանձնաժողովային եզրակացության արդյունքները հիվանդության պատմության նկարագրերում ավելացված են եղել հավելյալ էջով՝ այն դեպքում, երբ պատմագրերի էջերի քանակը դեռևս սպառված չի եղել։
Պացիենտների նկատմամբ ոչ հոժարակամ բուժում սկսելու համար դատարան ուղղված ուսումնասիրված միջնորդություններն ունեցել են տիպային բնույթ, հիմնական ձևակերպումները կրկնվել են՝ բացառությամբ պացիենտների անուն ազգանունների և ախտորոշումների։
Դատարան ներկայացված բոլոր միջնորդություններում պացիենտների վերաբերյալ արձանագրված է եղել, որ «…քննադատությունն իր հիվանդության հանդեպ բացակայում է, ինչի արդյունքում հրաժարվում է ստացիոնար բուժումից և բուժում չիրականացնելը կարող է վատթարացնել հիվանդի հոգեկան վիճակը», «իր հիվանդության հանդեպ չունի քննադատություն, կարիք ունի ոչ հոժարակամ ստացիոնար բուժման և խնամքի», «խնդրում ենք սույն դիմումը ընդունել վարույթ և ԱԱՀ ենթարկել հոգեբուժական հիվանդանոցում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման, քանի որ իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար»:
Հոսպիտալացման և բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն նման տիպային բնույթ կրող «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա դատարան ներկայացվող միաբնույթ միջնորդությունները, առանց անձի ռիսկայնության և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների՝ խիստ խնդրահարույց է:
Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում վերջիններիս հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների կատարած գրառումներով:
Խիստ մտահոգիչ է, որ նման տիպային միջնորդությունները տարակուսանքի տեղիք չեն տվել նաև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտեր կայացրած դատավորների մոտ:
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի անհրաժեշտությունը և դրա ապահովման համար համապատասխան սոցիալական ծառայությունների պակասը կամ բացակայությունը չեն կարող և չպետք է հիմք հանդիսանան ոչ հոժարակամ բուժում սկսելու համար»:


























Comments