«Հ1-ը պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն ընկալվում են որպես պետական մոտեցում». ՄԻՊ
- May 31, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ երեկ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ:
Ռեպորտաժը, որտեղ Տիգրանաշենը պարզապես ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, հաշվի չի առնում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը և հարցերը քննարկում է միայն քարտեզներում լինել-չլինելու լույսի ներքո:
Ինչպես Տիգրանաշենի, այնպես էլ մյուս գյուղերի հետ կապված հաշվի առնված չեն նաև պատմական փաստերը ԽՍՀՄ տարիներին, երբ որոշումները կայացվել են Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների կոպիտ ոտնահարումների հաշվին, ինչպես նաև դրանց ռազմավարական կենսական նշանակությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն ընկալվում են՝ որպես պետական մոտեցում, ինչն էլ նշանակում է, որ այդ նյութերը կարող են օգտագործվել նաև ՀՀ քաղաքացիների իրավունքների դեմ տարբեր, այդ թվում՝ միջազգային ատյաններում:
Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող նմանատիպ ձևակերպումներով նյութերը Մարդու իրավունքների պաշտպանը դիտարկում է նաև այն ձևակերպումների ներքո, որ վերջին շրջանում օգտագործում են ՀՀ որոշ պաշտոնյաներ` դրանով հակասելով սահմանային բնակիչների իրավունքներին ու նրանց անվտանգությանը:
Ուստի, Հանրային հեռուստաընկերությունից պահանջում ենք ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող նյութեր պատրաստելիս ղեկավարվել բացառապես մասնագիտական մոտեցումներով»:


























Comments