Քրգործերի շրջանակում մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը ոչ իրավաչափ սահմանափակվում է. ՄԻՊ
- Aug 10, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քրեական գործերին վերաբերող հիմնարար խնդիր է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը` երկրից դուրս գալը ոչ իրավաչափ սահմանափակվում է` նրան շարունակաբար պահելով անորոշ վիճակում: Ցավոք, այս խնդիրն այդպես էլ չվերացավ:
Օրինակ՝ Ոստիկանությանն ուղղված քննիչի ընդամենը մի գրության հիման վրա մարդու նկատմամբ կիրառվում է երկրից դուրս գալու արգելք: Մարդուն որևէ մեկը տեղյակ էլ չի պահում, որ իր տվյալներն ուղարկվել են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգ և դրա հիման վրա իրեն թույլ չի տրվելու հատել ՀՀ պետական սահմանը՝ թե՛ օդային, թե՛ ցամաքային անցակետերով:
Այս հարցերով մարդիկ մեզ հաճախ են դիմում հիմնականում թեժ գծով ու հենց սահմանային անցակետերից: Սկսում ենք քննություն ու մեկ էլ պարզվում է՝ տարիներ առաջ քրեական գործով «անցել է» ու չի էլ իմացել, որ ելքն արգելափակել են:
Առավել բարդ է, երբ քրեական գործը, որով արգելանք է կիրառվել, վաղուց «փակվել է»: Այս դեպքում ստացվում է՝ դատարանը ոչինչ անել չի կարող, քանի որ գործն ավարտվել է, դատախազը կամ քննիչը նույնպես ոչինչ անել չեն կարող. իրենց իրավասությունն այլևս սպառվել է: Առկա են դեպքեր, երբ, օրինակ, վարույթը կարճվել է, բայց քննիչը տվյալնեը չի ուղարկվել ՍԷԿՏ, որպեսզի արգելքը վերացվի կամ ուղարկել է Ոստիկանություն, բայց Ոստիկանությունը չի մուտքագրել տվյալները ՍԷԿՏ համակարգ, որի պատճառով արգելքը չի վերացվել:
Պետք է նշեմ, որ արգելքները հանելու հետ կապված՝ արդյունավետ են մեզ հետ համագործակցում Ոստիկանությունը և ԱԱԾ Սահմանապահ զորքերը՝ կապված արգելքների պատճառներն արագ պարզելու, արգելքները վերացնելու հետ»:
Comments