Աշխատանքային ստաժը դատարանով հաստատելու դեպքում թոշակառուների գումարի վերահաշվարկ չի կատարվում. ՄԻՊ
- Jul 7, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է.
«Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից վերահաշվարկելու և չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին:
Այս խնդրի արդիականության մասին են վկայում 2020 թվականին Պաշտպանին հասցեագրված բողոքները:
Օրինակ՝ 2020 թվականին Պաշտպանին դիմել է փաստաբան, ով նշել է, որ ունեցել է մի շարք վստահորդներ, որոնք իրեն են դիմել աշխատանքային ստաժի հաստատման և ստաժը հաստատելու պարագայում չստացված կենսաթոշակն ստանալու հարցերով:
Փաստաբանի պնդմամբ՝ դատարաններում գործերի քննությունն ունի տևական բնույթ, օրինակ՝ աշխատանքային ստաժի հաստատման մի գործով դատավարությունը տևել է 7 տարի, իսկ աշխատանքային ստաժի հաստատումից հետո կենսաթոշակի վերահաշվարկ կատարվել է ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օրվանից: Արդյունքում՝ անձը 7 տարի շարունակ զրկվել է այդ տարիների համար վճարվելիք կենսաթոշակի գումարից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշման համաձայն՝ դատարանի կայացրած վճռով ծագած իրավունքները ձևակերպվում են դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո։ Նշվածը հիմք ընդունելով էլ` կենսաթոշակային մարմինը քաղաքացիների կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից չի վերահաշվարկում։
Տեղեկացնենք, որ աշխատանքային ստաժը հաստատող կամ ապացուցող փաստարկներ ներկայացնել չկարողանալու պատճառով վիճելի ժամանակահատվածում աշխատած լինելու փաստն ապացուցելու միջոցը կենսաթոշակառուի համար դատարան դիմելն է»:
Comments