Փաշինյանի աջակիցները եկել էին սոված-ծարավ, շաուրմայանոցի են մոտեցել, գումար չեն ունեցել․ Զաքարյան

Սյունիք այցի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մեղրիի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի բնակիչներին խոստացել է՝ որոշ ապաշնորհ պաշտոնյաների տեսնելու են ասֆալտին պառկած։ Փաշինյանն այդ պաշտոնյաներին խորհուրդ էր տվել նաև առաջիկա օրերին ինքնակամ պառկել իր նշած հատվածներում, սելֆի անել և այդ նկարները դնել իրենց ֆեյսբուքյան էջում, որպեսզի ազգային համաձայնության մթնոլորտում խնդիրը լուծվի։
MediaHub.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի առաջարկին՝ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը նշեց, որ չի ցանկանում Փաշինյանի ոճով պատասխանել, քանի որ մակարդակ է իջնում։
«Հիվանդ, բորբոքված ուղեղի արգասիք է իր այդ մտքերը, չեմ ուզում մեկնաբանել։ Ես ցավում եմ իր համար, առողջություն եմ մաղթում»,- ասաց նա։
Խոսելով իմքայլականների՝ Սյունիք այցից հետո սյունեցիներին ուղղված շնորհակալություններին և այցի ժամանակ Փաշինյանի աջակիցների թվին՝ Զաքարյանը նշեց․
«Կարող եմ նույն կոնտեքստով պատասխանել՝ հիվանդ ուղեղի արտադրանքն է, այլ բան չունեմ պատասխանելու։ Նախ՝ այնտեղ սյունեցի չկար․ մոտ 1000 մարդ կար, որից 5%-ը հազիվ տեղացի լիներ, դա էլ, ինչպես ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի, իր մակարդակի, իր հոգեվիճակի սերիալային տնային տնտեսուհիների ժանրի, ցածր կրթական ցենզով մասսա էր։ Իսկական սյունեցիք, որոնք այստեղ աշխատում, ապրում են, մասնակցում են երկրի պաշտպանությանը, ներկա չէին»։
Զաքարյանի խոսքով՝ ավելի քան 400 մեքենա էր Փաշինյանին ուղեկցում․
«Ես պատահական թիվ չեմ ասում, անձամբ եմ հաշվել։ Սադրանքից հեռու մնալու նպատակով մենք քաղաքից դուրս էինք եկել, բնության գրկում էինք՝ մայրուղու հարևանությամբ, 400 մեքենա ենք հաշվել։ Մի էդքան էլ ոստիկան կար։ Գոնե չէին ֆինանսավորել էդ մարդկանց ուտելը, սուրճը։ Այսօր պատմում են, որ շաուրմայանոցին են մոտեցել, գումարները չի հերիքել որ շաուրմա առնեն, կարտոֆիլ են ուզել, որ գոնե կարտոֆիլ ուտեն։ Շատ տհաճ, տխուր իրավիճակ էր, մեղք էին այդդ մարդիկ»։
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, համայնքապետը նշեց, որ Մեղրիի հատվածում հայկական բանակի ու զինվորականության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ջանքերով հերթապահությունը պատշաճ կերպով լուծվում է, այս պահին որևէ խնդիր չկա։























Comments