top of page

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան կեղտոտ նախապայման դրեց մեր գերիների վերադարձի համար. Զոհրաբյան

Jun 29, 2021
1 min read



ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկ շաբաթ Ստրասբուրգում բարձրաձայնել է հայ ռազմագերիներ հարցը, որովհետև նրանց ծնողներին խոստացել է անել իրենից կախված առավելագույնը տղաների վերադարձի համար: Այդ մասին նա այսօր հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ ինքն ու ադրբեջանական պատվիրակությունը նույն՝ Եվրոպական ռեֆորմիստների ու ժողովրդավարների քաղաքական խմբում են։


Ստորև ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ․


«Նիստից հետո ես մոտ 40 րոպե առանձնազրույց եմ ունեցել ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ: Իմ բոլոր արգումետները, որ մեր տղաները ռազմագերիներ են, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը, Ժնևի երրորդ կոնվենցիան, թքած ունի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ հայտարարության վրա, որի 8-րդ կետը հստակ արձանագրում է՝ կրակի դադարեցումից հետո կողմերն առանց որևէ նախապայմանի պետք է կատարեն գերիների, ռազմագերիների, գերեվարված անձանց ու դիակների փոխանակությունը:


Ես ասել եմ, որ մենք որևէ ռազմագերի չունենք, վերադարձրել ենք նաև 90-ականների պատերազմից մնացած ադրբեջանցիների ոսկորները: Մենք նրանց վերադարձրեցինք մարդասպաններ Գուլիևին ու Ասկերովին, որոնց հանցագործությունը հաստատված էր:

Նա ինձ պատասխանեց, որ Ադրբեջանում ռազմագերի չկան, նրանք ահաբեկիչներ են ու նման անհեթեթություններ: Նա ասաց, որ մենք իրենց խաբել ենք՝ տրամադրված քարտեզների 50 տոկոսը ֆեյք են:


Նա շատ կեղտոտ նախապայման դրեց, որ փոխանցեմ ՀՀ իշխանություններին: Նա ասաց, որ պատրաստ են քննարկել մեր ռազմագերիների վերադարձի հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառվելու է Արցախի 75 տոկոսը:


Ասաց, որ այդ դեպքում իրենք պատրաստ են որպես բարի կամքի դրսևորում քննարկել մեր տղաների վերադարձը: Իսկ մինչ այդ, մենք ռազմագերիների մասին պետք է մոռանանք:


Սա է եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի ինձ փոխանցածը։ Ամեն դեպքում, մենք մեր զենքերը չպետք է վայր դնենք:»:





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page