top of page

Նախագահը կարևորել է ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգության դեմ ամենախիստ միջոցների ձեռնարկումը

May 19, 2021
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին:


«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս օրերին բոլորիս ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է մեր սահմաններին. ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը և արդեն մի քանի օր ապօրինի գտնվում է մեր երկրի տարածքում:


Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը, հատկապե՛ս անվտանգության ապահովման հարցերում:

Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:

Ոչ պակաս կարևոր է մեր դիվանագիտական զինանոցի կիրառումն իր ողջ ուժով: Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն են: Այդ հարաբերությունները պետք է կառուցել իրատեսական և նպատակային օրակարգի հիման վրա: Պետք է գործարկել թե՛ ավանդական և թե՛ հանրային դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, ներգրավել Սփյուռքը և օգտագործել բոլոր ռեսուրսները:


Ստեղծված իրավիճակը և մեր գործելակերպն ու արձագանքը պետք է հասկանալի և ընկալելի լինեն մեր միջազգային գործընկերների համար:


Հասարակությունը պետք է ժամանակին և ճշգրիտ իրազեկված լինի տեղի ունեցող գործընթացների մասին՝ վստահ լինելով, որ ինքը պաշտպանված է, որ պետությունը, անկախ քաղաքական կամ այլ գործոններից, իրականացնում է իր գործառույթները:


Սիրելի՛ հայրենակիցներ,

Ստեղծված իրավիճակում վերստին հրամայական է համազգային միասնականությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Միայն այդ դեպքում կարող ենք լուծել անվտանգային, տնտեսական, ներքաղաքական և մյուս բոլոր խնդիրները: Պետք է գիտակցել, որ մենք ունենք մի սահման՝ Հայրենիքի սահմանը:


Որպես պետություն և ազգ մենք պետք է ունենանք մեկ՝ համապետական և համազգային օրակարգ: Յուրաքանչյուրս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր դերակատարմամբ պետք է գործենք այդ միասնական օրակարգի շրջանակում:

Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերը կարող է ներկայացնել ու պաշտպանել միայն ուժեղ, կայուն, միասնական և համախմբված Հայաստանը»,- նշել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page