Վահան Քերոբյանն անգամ չգիտի՝ մենք ինչ աշխատանք ենք կատարում

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անգամ չգիտի՝ մենք ինչ աշխատանք ենք կատարում, չգիտի՝ որն է մեր գործառույթը։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարարության մարզային 69 աշխատակիցներ երեկ տեղեկացվել են, որ հաստիքի կրճատման շրջանակում հեռացվում են աշխատանքից։ Նախարարության գյուղոլորտի 69 ներկայացուցիչները պնդում են՝ տեղեկություն ունեն նաեւ, որ մոտ երկու ամսից խորհրդատվական բաժինն ընդհանրապես փակվելու է։
«Ամեն մարզային կառույցում թողնում են երեք մասնագետ, նման ծավալի աշխատանք երեք մասնագետով հնարավոր չէ կատարել։ Ունենք տպավորություն, որ նախարարության օպտիմալացման գործընթացը կատարվում է միայն գյուղատնտեսական վարչության աշխատողների հաշվին։ 69 հաստիք է կրճատվում, ունենք չճշտված տեղեկություն, որ կա 100-ից ավելի թափուր հաստիք։Գյուղատնտեսությամբ զբաղվողները միլիարդներով սուբսիդավորված վարկեր են ստացել, գումարների ծախսման հետ կա ճիշտ մոնիթորինգի կամ ուղորդման անհրաժեշտություն։ Քիչ աշխատակից ունենալու դեպքում հնարավոր չի լինելու կառավարել։ Խելացի անասնագոմերի, ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը ևս պարտադիր մոնիթորինգի կարիք ունեն ու անհասկանալի է, ինչպես է կառավարվելու այդ գործընթացը»,- պնդեց ակցիայի մասնակիցներից մյուսը։
Նյութի աղբյուրը՝ Հրապարակ























Comments