top of page

«Նախնական մտահղացումը, որն ունի Ադրբեջանը, չեզոքացված չեմ համարում»․ Նիկոլ Փաշինյան

May 26, 2021
2 min read

«Ի՞նչ փուլում են բանակցություններն` ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցով, ի՞նչ արձագանք ունենք ՌԴ-ից, ՀԱՊԿ-ից, ի՞նչ կարող են անել քաղաքական ուժերը, որ միասնաբար կարողանան ադրբեջանական զորքերն օր առաջ դուրս բերել ՀՀ տարածքից»,- այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նման հարց է հնչեցրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։


Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Փաշինյանը նշեց, որ Սև լիճ կոչվող տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, և ինչպես հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը: «Սա էր պատճառը, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին: Հենց ՀԱՊԿ-ը և ՀԱՊԿ անդամ գործընկերներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծման։


Հետևաբար, ՀԱՊԿ կազմակերպությունում ՀՀ-ն հանդես է գալիս ոչ թե որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ երկրներն ստեղծել են նմանատիպ իրավիճակում օգտագործելու համար: ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածում հստակ արձանագրված է, որ երբ կա սպառնալիք, այդ գործիքը սկսում է գործել: Հայաստանի՝ ռազմական բախմամբ լուծման չգնալը նաև նպատակ ունի ինքնաբերաբար ՀԱՊԿ երկրներին չներքաշել ռազմական լուծման, և սա է պատճառը, որ ասում ենք՝ եկեք քաղաքական ճանապարհով լուծենք խնդիրը»,- ներկայացրեց նա։ Բայց և այնպես, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը չի բավարարում։ Նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ։


«Նախնական մտահղացումը, որն ունի Ադրբեջանը, այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում: ՀԱՊԿ-ն հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի, աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հարցերում հստակություն պետք է մտցվի:


Արձագանքելով՝ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանը պատրաստվում է ստորագրել վերջերս շրջանառված նոր փաստաթուղթը և ի՞նչ բովանդակությամբ է այն ստորագրելու։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գուցե նախկինում ինչ-որ բան սխալ է հասկացվել: «Ես ասել եմ, որ չկա այդպիսի տարբերակ, որ մենք որևէ փաստաթուղթ ստորագրենք առանց զորքերի դուրսբերման․ կա՛մ դուրս են բերում զորքերը, որից հետո տեղի է ունենում ստորագրումը, կա՛մ ստորագրված թղթի մեջ արձանագրվում է դուրսբերումը»,- նշեց նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page