top of page

Հնարավոր չէ ավտորիտար կայուն ռեժիմ հաստատել, եթե չունես արտաքին քաղաքական որևէ հաջողություն

Sep 22, 2021
2 min read


Սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառումներն ինդիկատորային նշանակություն ունեցան, բայց՝ ոչ միայն կամ ոչ այնքան այն իմաստով, թե որքանով էր արդարացված դրանց «գունագեղությունը»։


Սեպտեմբերի 18-ից սկսած՝ ոստիկանությունն աննախադեպ բռնություն էր կիրառում, ոչ իրավաչափ վարքագիծ էր դրսևորում բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք անհամաձայնություն ունեին Սեպտեմբերի 21-ի պետական միջոցառումների առումով։ Բանը հասավ նրան, որ երեկ ոստիկանական պատ կառուցվեց Եռաբլուրում, թերևս, պատմության մեջ առաջին անգամ, որի հետևանքով մի տևական ժամանակահատված սահմանափակված էր քաղաքացիների տեղաշարժը ու խոչընդոտվում էր ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը։


Համեմատենք, օրինակ, Ֆիզգարադոկում (որտեղ ոչ մի քաղաքական պահանջ չկա) ու այս օրերին ոստիկանության վայրենությունները և կհամոզվեք, որ դրանք լրիվ նույնական են՝ մեկ կենտրոնից ուղղորդված։


Նիկոլ Փաշինյանը հստակ խնդիր է լուծում՝ Հայաստանում վերացնել այլակարծության ցանկացած դրսևորում ու ձևավորել անձնակենտրոն համակարգ։ Այն քաղաքական ուժերը, որոնք սա տեսնել չեն ցանկանում, մեղմ ասած՝ հասարակության հետ ազնիվ չեն։

Իհարկե, այս փաստարկի ընդդիմախոսները կարող են հակադրվել, թե Փաշինյանի ինչի՞ն է պետք ավտորիտարիզմը, երբ վերջին ընտրություններում նրա թիմը հավաքել է 53 տոկոսից ավելի ձայն։


Միանգամից հակադարձենք՝ թույլ ալիբի է։


Նախ՝ համաշխարհային պատմությունն ունի բազմաթիվ դեպքեր, երբ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած ուժերը հետո վերածվել են ավտորիտար ռեժիմների՝ փորձանք դառնալով սեփական ժողովուրդների, որոշ դեպքերում՝ աշխարհի համար․ կարող ենք հիշել Հիտլերին, մեր տարածաշրջանում՝ Գամսախուրդիայն ու Էլչիբեյին։


Մյուս կողմից, Փաշինյանը գիտակցում է, որ քաղաքացիների մեծամասնությունն իրեն ամենևին էլ չի վստահում, և 53 տոկոսը բուտաֆորիա է, ավելի ստույգ՝ ոչ թե ռացիոնալ վարկանիշ է, այլ Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգը, որն էլ ապահովել է Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։


Կա նաև «ցավոտ, զգայուն լուծումների» հանգամանքը։


Փաշինյանը կարող է մեր ժողովրդին անվերջ խաբել, բայց դա նրան հաստատ թույլ չեն տա Պուտինը կամ Ալիևը, ըստ այդմ՝ «ցավոտ, զգայուն լուծումների» ժամանակը մոտենում է, որտեղ Փաշինյանի միակ իրական «դաշնակիցները» կարող են դառնալ «բունկերն» ու ոստիկանական մահակը։


Եվ, վերջապես, Փաշինյանը ինքնահաստատման, Պուտինին սիրաշահելու խնդիր ունի։

Նա փորձում է ԵՏՄ դաշնակիցներին ցույց տալ, որ նրանց մեթոդներն իրեն հարազատ են ու ինքն արդեն հրաժարվել է «դեմոկրատական թիթիզություններից»՝ հույս ունենալով, որ իրեն տեղ կտան «պինդ առաջնորդների» հիմնական սեղանի շուրջ։


Մեծ հաշվով՝ Փաշինյանը «վա-բանկ» է գնում, որովհետև հնարավոր չէ ավտորիտար կայուն ռեժիմ հաստատել, եթե չունես արտաքին քաղաքական որևէ հաջողություն։


Սուրեն Սուրենյանց

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page