«Մեզնից ուզում են խլել մեր պետությունը»․ Նիկոլ Փաշինյան

«Ոչ մի նոր բան չկա՝ մեզանից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեզանից ուզում են խլել մեր հայրենիքը»,- այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ վարչական շրջանում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը խոսելով Արցախի հարցի մասին՝ նշեց,-«Ղարաբաղի հարցը մինչև հիմա չի կարգավորվել։ Լավ հետ գնանք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Որովհետև ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնել է Հայաստանը, այդ պահից սկսած Ադրբեջանը չի համաձայնել։ Հայաստանը ասել է, լավ հանուն խաղաղության եկեք մի հատ զիջում անենք, երբ որ Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանը դա դադարեցրել է, անընդունելի է համարել, փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել»։
Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ Փաշինյանը նշեց,-«Հիմա էսօրվա իրավիճակը ինչի մեջ է. հստակ է, որ Ադրբեջանը խախտել ա ՀՀ պետական սահմանը։ Ստեղ որևէ կարծիք, տեսակետ լինել չի կարող, և այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետև եթե մենք մեր սահմանը զիջենք՝ դա նրանց ավելի ա ոգևորելու։ Մենք ասում ենք հստակ՝ միջազգային իրավունքի համաձայն սա մեր սուվերեն տարածքն ա և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք ա մեր տարածքից դուրս գան։ Եվ էստեղ ա, որ մեր հաստատակամությունը պետք է հստակ երևա։ Բայց մյուս կողմից մենք չպետք ա թույլ տանք, որ իրավիճակը կոնտրոլից և վերահսկողությունից դուրս գա։ Եվ մենք էսօր առաջինը դիվանագիտական եղանակներով պետք է էս օրակարգը առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ ձևավորենք»։
Նա նշեց, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն ընդունել են, որ Ադրբեջանը մեր երկրի տարածք է մտել և պետք է հեռանա, իսկ Եվրախորհրդարանը դատապարտող բանաձև է ընդունել։ «Եվ մենք պետք է մեր հետևողական, հավասարակաշռված, հաստատակամ ոչ նյարդային քայլերով հասնենք էս տարածքից նրանց դուրս գալուն։ Եվ այստեղ խնդրում եմ հանկարծ չհավատաք որևէ դավադրության տեսության»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով 6 զինծառայողի գերեվարման մասին՝ Փաշինյանը նշեց․ «Ես չգիտեմ, հանգամանքները ավելի մանրամասն պետք է պարզաբանել։ Բայց հստակ ա, որ մեր 6 զինծառայողները գերեվարվել են մեր տարածքում և նրանք պետք է անհապաղ վերադարձվեն ՀՀ»։























Comments