Մենք մաքուր ենք մնացել ժողովրդի առաջ․ Փաշինյանն իրեն Աստծո հետ համեմատեց

Այսօր Էջմիածնում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստվածաշնչից մի դրվագ պատմեց՝ համեմատելով ներկա իրավիճակի հետ։
«Ուզում եմ ձեզ հիշեցնել աստվածաշնչյան մի դրվագ Սոդոմի և Գոմորի ոչնչացման մասին։ Աբրահամի և Աստծո միջև երկխոսություն է տեղի ունենում։ Ասում է՝ եթե Սոդոմում և Գոմորում 100 արդար լինի, կկործանե՞ս քաղաքը, թե՞ ոչ, ասում է՝ հանուն 100 արդարի չեմ կործանի, հարցնում է՝ 50 արդարի համար կկործանե՞ս, ասում է՝ չէ, կգթամ, չեմ կործանի։ Վերջում պարզվում է, որ այդ քաղաքում 3 արդար կա և Աստված այդ 3 հոգուն ասում է՝ դուրս եկեք, որովհետև ես պետք է կործանեմ քաղաքը։ Այո, մեր պետական համակարգում կադրային ջարդ չենք արել, քանի որ հավատացած ենք եղել՝ այնտեղ գոնե 100 արդար կա։ Մենք դատական համակարգը չենք ավերել, չենք կործանել, որովհետև հավատացած ենք եղել, որ այնտեղ գոնե 30 արդար դատավոր կա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորին տվել են հնարավորություն։
Փաշինյանի խոսքով՝ տրված շանսը օգտագործել են իրենց ու պետության դեմ, սակայն ինքը չի փոշմանել այդ ճանապարհի համար։
«Մենք ինչ որ խոստացել, պարտավորվել ենք ժողովրդի առաջ, մեր ստանձնած պարտավորությունը կատարել ենք, մենք մաքուր ենք մնացել Աստծու առաջ, մենք մաքուր ենք մնացել ժողովրդի առաջ, մենք մաքուր ենք մնացել պատմության առաջ և ուզում ենք, որ մեր դատը դուք անեք, ժողովուրդ»,- ասաց նա։
Փաշինյանը հավաքվածներին հորդորեց հունիսի 20- ին գնալ ընտրատեղամասեր և անել իրենց դատը։























Comments