Փաշինյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների վերադարձի խնդիրը
- Jul 30, 2021
- 1 min read

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։ Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության տելեգրամյան ալիքից:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ջանքերը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց առնչվող խնդիրների հանգուցալուծման և տարածաշրջանում առկա մարդասիրական այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։
Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով դատական գործընթացներ սկսելու փաստի, գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը թաքցնելու հանգամանքի վրա։
Նիկոլ Փաշինյանն անթուլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը՝ համարելով այն միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում։
Պարոն Մաուրերը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը` հումանիտար բնույթի խնդիրների կարգավորման ուղղությամբ։


























Comments