Այսօրվա բոլոր դժվարությունները կապ ունեն կրթության ոլորտում երբևէ ունեցած խնդիրների հետ. Փաշինյան
- Oct 5, 2021
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով, իմ գնահատանքն ու հարգանքն եմ արտահայտում ձեր մասնագիտությանը և առաքելությանը:
Բազմաթիվ ուսուցիչներ Հայաստանում, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, նվիրված են եղել և շարունակում են նվիրված լինել մասնագիտությանը, ասել է, թե աշակերտին, ապագային ու երկրին: Եվ այդ նվիրվածության արդյունքը մենք այսօր տեսնում ենք բազմաթիվ քաղաքացիների հաջողությունների ու նվաճումների տեսքով:
Ուսուցչի մեծագույն առաքելությունը ոչ միայն կոնկրետ գիտելիք փոխանցելն է, այլև սովորել սովորեցնելը, իմանալու, կարողանալու, սովորելու կարևորությունը աշակերտին ի ցույց դնելը, սովորելը մարդու համար կենսական անհրաժեշտություն դարձնելը եւ հենց սա ենք նկատի ունեցել Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ սովորելը ազգային կենսակերպ դարձնելու խնդիրը:
Այդ խնդրի արդյունավետ լուծման համար է, որ ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչները, գործարկել ենք մանկավարժական կադրերի կամավոր ատեստավորման համակարգը: Արդյունքում իրենց որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձն առաջին փուլում կբարձրանա 30-ից 50 տոկոսով: Շարունակական այս գործընթացի արդյունքներով մենք կերաշխավորենք, որ մեր դպրոցներում դասավանդեն բարձրորակ մանկավարժներ՝ միեւնույն ժամանակ լուծելով ուսուցչի նյութական ապահովվածության հարցը:
Այդ խնդրի լուծման համար է, որ նպատակադրվել ենք առաջիկա հինգ տարվա ընթացում 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել, մեր բոլոր դպրոցները ապահովել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներով:
Մենք խորապես համոզված ենք, որ կրթությունն է այն գործիքը, որի միջոցով մեր երկիրը պիտի հաղթահարի իր առջև ծառացած բոլոր դժվարությունները և թույլ տվեք պնդել, որ մեր այսօրվա բոլոր դժվարությունները որևէ կապ ունեն կրթության ոլորտում մեր երբևէ ունեցած խնդիրների հետ:
Սիրելի ուսուցիչներ,
Այսօր դուք կանգնած եք մեր ապագայի առաջնագծում և կառավարությունն ամեն ինչ կանի ձեր թիկունքն ամուր պահելու համար, որպեսզի մեր երեխաների առաջ կարողանաք ընդարձակ բացել իմացության ու կարողության, ասել է թե երջանիկ ապագայի դռները:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առիթով»:
Comments