top of page

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին

Aug 6, 2021
1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը:


Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է և առաջնային խնդիրներից մեկը համարել ենք Արցախում բնականոն կյանքի վերականգնումը: Այս ընթացքում մենք այդ ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց դեռևս շատ մեծ աշխատանք կա անելու:


Վերջերս Արցախի նախագահի հետ աշխատանքային հանդիպումներում այդ թեման ավելի հաճախ ենք քննարկում, որ զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի, որպեսզի Արցախի բնականոն կյանքի վերականգնումը վերաձևակերպենք և Արցախի տնտեսության բնականոն զարգացման հունը վերականգնենք: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն կոնկրետ անելիքներ ենք նշմարում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի գտնենք Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձևավորելուն:


Իհարկե, հասկանալի է, որ սա ունի բազմաթիվ նրբություններ և կոմպոնենտներ ու մենք պետք է առանց շտապողականության, բայց մյուս կողմից անհրաժեշտ ժամանակում կայացնենք անհրաժեշտ որոշումներ, որպեսզի այս հարցերը կարողանանք լուծել»:

Իր հերթին, ԱՀ նախագահ Արյաիկ Հարությունյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի գործընկերներ, հետպատերազմյա իրավիճակում միանշանակ մեզ հաջողվել է Հայաստանի կառավարության հատկացրած ռեսուրսների հաշվին Արցախում պահպանել կայուն սոցիալական վիճակ: Անկախ տեղահանված բնակչության թվաքանակից՝ մենք սուր խնդիրներ չենք ունեցել:

Իհարկե, խնդիրներ մինչ այսօր կան բնակարանային հարցերի հետ կապված, բայց սոցիալական վճարները թույլ են տվել լուծել այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք: Սոցիալական առումով Հայաստանի Հանրապետության կառավարության հասցեական քաղաքականությունը լուծել է այդ խնդիրները, զուգահեռ մենք որոշակի տնտեսական ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման խնդիր ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ավանդական ճյուղերը, որոնց շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել:





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page