top of page

Նոր մանրամասներ՝ շմոլ գազից թունավորված 4 երեխաների առողջական վիճակի մասին

  • Dec 20, 2021
  • 1 min read


«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում դեկտեմբերի 18-ին հոսպիտալացվել էր նույն ընտանիքի 4 երեխա: Նրանցից երկուսը տեղափոխվել էին բուժհաստատություն ծանր՝ ուշագնաց վիճակում, հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Նշենք, որ շմոլ գազից թունավորվել էր նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում:

«Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է բարոթերապիա` հիպերբարիկ օքսիգենացիա:


Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա և նրանք արդեն դուրս են գրվել համալսարանական հիվանդանոցից: Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառը մեծ քանակներով վերջինիս ներշնչումն է: Թունավորումների քանակը հատկապես ձմռան ամիսներին կտրուկ ավելանում է: Թունավորման նախնական ախտանշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, այդ պատճառով շատ հաճախ հնարավոր է շփոթել սննդային թունավորումների կամ գրիպի հետ: Ծանր թունավորումից կարող է տուժել նյարդային համակարգը, գլխուղեղը, վնասվել ուղեղի կեղևի նեյրոները, կարող են առաջանալ ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ, անգամ սրտի կանգ:

Տնային պայմաններում առաջին բուժօգնության հիմնական պայմանը տուժածին այդ միջավայրից արագ հեռացնելն ու հիվանդանոց տեղափոխելն է: Եթե թունավորման մակարդակը շատ բարձր է, ապա այս դեպքում ցուցված է թթվածնի մատակարարումը կատարել բարոխցիկում՝ ճնշման տակ, ինչի շնորհիվ լավացումն ավելի արագ տեղի կունենա:

Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, որտեղ գազօջախն անընդհատ վառվում է: Ուշադիր լինել գազախողովակներին. արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում, ինչպես նաև տեղադրել ազդանշանային սարքեր:


Հիշեցնենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան համալրվել է ամերիկյան արտադրության բարոխցիկով, որը կիրառվում է շմոլ գազից թունավորված երեխաների բուժման գործընթացում, ինչպես նաև այլ թունավորումների բուժման ժամանակ»,- նշել է Դանիելյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page