top of page

Նոր պատերազմը սարերի հետեւում չէ. Վարդան Ոսկանյան

  • Feb 21, 2022
  • 3 min read

ree

«Շուշիի տխրահռչակ հռչակագրով Թուրքիայի բանակն իրավունք է ձեռք բերում պատերազմական իրավիճակում Հայաստանի արևմտյան սահմանների երկայնքով պաշտոնապես մտնել ռազմական գործողությունների մեջ։ Այլ կերպ ասած՝ սա ռազմական բնույթի մի փաստաթուղթ է, որով թուրք- ադրբեջանական տանդեմը լեգիտիմացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հերթական ռազմական ագրեսիա սկսելու պարագայում, Թուրքիային իրավունք վերապահել՝ պաշտոնապես ռազմական գործություններ իրականացնել Հայաստանի արևմտյան սահմանների ուղղությամբ։ Այդ հռչակագիրն, իրականում, այլ բան չէ, քան արհավիրք՝ Հայաստանի անվտանգային հարցերի և տարածքային ամբողջականության նկատմամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի («Շուշիի հռչակագրի) ստորագրումը:

Տեղեկացնենք, որ այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կողմից հեղինակած հայտարարության նախագիծը՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ։ Սակայն Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հանձնաժողովի նիստում հայտնել էր, որ իրենք չեն միանալու Շուշիի հռչակագիրը դատապարտող ընդդիմության հայտարարությանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ եթե մենք փորձենք արձանագրել, թե, իրականում, ինչպիսի կետեր կան այդ հռչակագրում, ապա ակնհայտ է, որ այն ի դեմս՝ Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի, ամրագրում է թուրքական ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, իսկ սա այլ բան չէ, քան թուրքական դարավոր երազանքի՝ Պանթուրքիզի իրականացման մեկնարկը՝ հենց Շուշիից. «Փաստացիորեն Թուրքիան, ինքն իրեն համար «լեգիտիմ» հիմք է ստեղծում Հարավկովկասյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանում, ռազմական ներկայություն ունենալու, քանզի վերոհիշյալ հռչակագիր կոչեցյալն այլ բան չէ, քան ռազմաքաղաքական փաստաթուղթ՝ դրանից բխող, հնարավոր բոլոր հետևանքներով»։

Ըստ իրանագետի, հռչակագրի վերաբերյալ մյուս կարևոր հանգամանքը, որը պետք է արձանագրել, հետևյալն է՝ հիմնվելով համատեղ ստորագրված այս փաստաթղթի վրա, ցանկացած պատերազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանը կարող է պաշտոնապես ներգրավվել նաև թուրքական կողմին, այսինքն՝ թուրքական կանոնավոր բանակին. «Մենք տեսնում էինք, որ մինչ այս հռչակագիրը, Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողություններին թուրքական կողմի ներգրավվածությունը տեղի էր ունենում ոչ պաշտոնական ձևաչափով, որը կարելի էր գնահատել ոչ լեգիտիմ։ Հիմա Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններ հրահրելու պարագայում, հանգիստ կերպով կարող է, արդեն պաշտոնապես, հղում կատարել հռչակագրին՝ ներգրավելով իր ռազմական պարտնյորին՝ Թուրքիային»,- ասում է Վարդան Ոսկանյանը։

Այստեղ, սակայն, ըստ վերջինիս դիտարկման, կա ևս մեկ կարևոր խնդիր՝ Հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիան ո՛չ պատմական, ո՛չ իրավական լեգիտիմության առումով որևէ ավանդույթ չունի և չի ունեցել. «Դիտարկելով վերջին դարերի պատմությունը, տեսնում ենք, որ այս տարածաշրջանը եղել է կամ իրանական կամ ռուսական կայսրության մաս, և երբևէ չի եղել Օսմանյան կայսրության մաս։ Հետևաբար, պարզ է դառնում, որ Շուշիի տխրահռչակ հռչակագրի կնքումով և՛ Ադրբեջանը, և ՛Թուրքիան իրենց դեմ են գրգռում նախ համաշխարհային գերտերություն համարվող Ռուսաստանի Դաշնության, հետո նաև՝ տարածաշրջանային գերտերության Իրանի տրամադրությունները։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են նրանք մինչ այս պահը լռություն պահպանում խնդրի վերաբերյալ։ Չմոռանանք սակայն, որ գերտերությունները միշտ չէ, որ իրենց այս կամ այն դիրքորոշումը հայտնելիս, շտապում են խոսքային ձևակերպումներ տալ դրանց։ Ակնհայտ է մի բան՝ Շուշիի հռչակագիրն իր էությամբ հակասում է ոչ միայն մեր, այլև տարածաշրջանում գլխավոր խաղացողներ համարվող այդ հսկաներին, հետևաբար, որպեսզի մենք այս իրավիճակում շահած դուրս գանք, մեզ նախ և առաջ անհրաժեշտ է առաջին հերթին վերանայել մեր համագործակցության շրջանակները այս երկու պետությունների հետ։ Ես ասել եմ, նորից եմ կրկնում վաղուց հասունացել է պահը՝ Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Այս քայլն այլևս չի կարելի հետաձգել»,- ասում է Վարդան Ոսկանյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ըստ վերջին տեղեկությունների համաձայն, Նախիջևանի սահմանի ողջ երկայնքով տեղակայված թուրքական 46.000-ի հասնող զորքը չի՞ ծառայելու Շուշիի հռչակագրի նպատակներին, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործությունների ակտիվացման պարագայում, արդյո՞ք հայկական կողմն անակնկալ հարված չի ստանա նաև թուրքական կանոնավոր բանակից՝ այս անգամ նաև արևմտյան սահմանի ուղղությամբ, իրանագետ Վարդան Ոսկանյանը պատասխանում է՝ նոր պատերազմի հավանականությունը բացառելն, առնվազն, անհեռանկար վերլուծություն կլինի. «Իհարկե, մենք գիտենք և հասկանում ենք, որ մեր երկրի սահմաններին պատերազմը դեռ չի ավարտվել։ Գիտենք նաև թշնամի հարևանների մտադրությունների մասին՝ կապված, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի վերաբերյալ, հետևաբար պետք է նաև գիտակցենք, որ նոր պատերազմը սարերի հետևում չէ։ Արդյո՞ք թուրքական կանոնավոր բանակը կմիանա այս պարագայում Ադրբեջանի ռազմական ագրեսիային, բացառել չի կարելի։ Մի բան, սակայն, ակնհայտ է՝ մեր առջև դրված կարևորագույն խնդիրն այս պահի դրությամբ հայկական Զինված ուժերի արագ կերպով կարգի բերումն է, ինչպես նաև՝ մեր ռազմաքաղաքական դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցության ձևաչափերի հստակեցումը։ Սրանք գործողություններ են, որոնք ոչ մի վայրկյան հապաղելու կամ հետաձգելու հնարավորություն այլևս չունենք, հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք»,- ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ամփոփելով զրույցը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page