Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք
- Jun 5, 2021
- 1 min read

Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնել է Արցախ։
Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ս․ Գրիգորիսի եկեղեցում «Հրաշափառի» արարողությունից հետո Գարեգին Բ․ Հայրապետի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։ Միասնական աղոթք է բարձրացվել հայցով, որ Ամենողորմ Աստված խաղաղության ու ապահովության մեջ պահպանի Արցախը և Իր անսահման ողորմածությունն ու Սուրբ Աջի պահպանությունը տարածյալ պահի արցախահայոց և համայն հայ ժողովրդի վրա։ Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամն է բերել ներկա ժողովրդին։ «Դուք, Արցախի քաջազուն զավակներ, այսօր արի հոգով ու հաստատակամ կանգնած եք մնում հայրենի հողին, որի յուրաքանչյուր թիզը վկան է մեր պատմության, քրիստոնեական մեր ինքնության, մեր ստեղծարար կյանքի և խաղաղության ու արդարության մեր ազնիվ ձգտումների։ Արցախը, որ նվիրական մասն է մեր բնօրրան հայրենիքի, բնօրրան է նաև քրիստոնեության», - ասել է Հայոց Հովվապետը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է արցախցիներին և համայն հայ ժողովրդին Աստծուն ապավինած, հույսով ու լավատեսությամբ յուրաքանչյուրն իր տեղում, յուրաքանչյուրն իր չափով նպաստելու Արցախի, մեր ժողովրդի կյանքի վերազարթոնքին և իր հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքների պաշտպանությանը։ Նորին Սրբությունը նշել է, որ, միասնաբար տոկալով ու համբերելով նեղություններին, հանձն առնելով զոհողություններ, անվերապահ նվիրումով և հանձնառություններով պիտի արժանի լինենք մեր խիզախ զավակներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին՝ պաշտպանելով Արցախ և Հայաստան մեր հայրենիքը։ Վեհափառ Հայրապետը Աստծո շնորհները, օրհնությունն ու պահպանությունը մաղթել է արցախցիներին՝ Ամարասի նվիրական սրբավայրում:

Comments