top of page

Ովքեր կայցելեն Արցախ սեպտեմբերի 2-ին․ «Հրապարակ»

Aug 31, 2021
2 min read


«Հրապարակ» թերթը գրում է․


«Արցախի անկախության 30-ամյակին ընդառաջ ԱՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի սեպտեմբերի 1-2-ը Արցախ այցելեն հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նախատեսվում է միջոցառումների շարք, որոնց նպատակը միասնականության ուղերձ հղելն է՝ Արցախի հարցի կարևորությունն օրակարգում պահելը։ Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին այդ առիթով ԱՀ խորհրդարանում հատուկ նիստ է հրավիրվել, եթե ամեն բան գնա նախատեսված սցենարով, ապա ԱՀ խորհրդարանում ելույթներ կունենան նաև Հայաստանից Արցախ մեկնած օրենսդիրները։


Ավելի վաղ մենք գրել էինք, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անցած շաբաթ Հայաստան էր այցելել, հանդիպումներ ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարության հետ և անձամբ փոխանցել հրավերը։ Ավելին, Արցախի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները հանուն պետության շահի եկել են համաձայնության, որ հայաստանյան իշխանական գործընկերների ներկայության ժամանակ տհաճ իրավիճակներ չեն ստեղծի, բողոքի ակցիաներ չեն կազմակերպի, սակայն Փաշինյանն ու իր թիմն անգամ նման պայմաններից չեն գայթակղվում, և Արցախ կգործուղվի խորհրդարանական շարքային պատվիրակություն։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին նախապես պլանավորած գործուղում ունի Վիեննա, չնայած, եթե չունենար էլ, դժվար թե մեկներ։ 44-օրյա պատերազմից հետո Արցախ ոտք դնելու արգելքը Ալիևի կողմից Փաշինյանին ուղղված թերևս հերթական պահանջն է։ 


Այդ մասին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում սկսեցին խոսել այս տարվա հունվարին, երբ այն ժամանակ արտգործնախարար Արա Այվազյանն այցելեց Ստեփանակերտ, իսկ դրանից հետո պաշտոնական Բաքուն «անօրինական» որակեց այցը։ «Այցը և այնտեղ նրա հանդիպումն անջատողական ռեժիմի ներկայացուցիչների հետ, «փաստաթղթերի» ստորագրումը հակասում են նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությանը և բոլորովին չեն համապատասխանում ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության հաստատմանը»,- Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօրինակ հայտարարություն տարածեց։ Շուտով կլրանա պատերազմի մեկ տարին, իշխանության քաղաքական այլ պաշտոնյաների ոտքն Արցախ չի մտել, Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի նաև այս պահանջը, և Արցախ են գործուղվում բացառապես հումանիտար և տնտեսական ոլորտներ ղեկավարող նախարարներ, բայց ոչ քաղաքական այրեր։ 


Այդուհանդերձ, Արցախում սպասում են, որ իշխող խմբակցությունը կգլխավորի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, «Հայաստան» դաշինքի պատվիրակությունն էլ Արմեն Ռուստամյանի ղեկավարությամբ կմեկնի, Սեյրան Օհանյանն ինչ-ինչ գործեր ունի, երեկվա դրությամբ հաստատված էր միայն Արթուր Վանեցյանի մեկնելու փաստը։ 


Ընդդիմադիր խմբակցություններն Արցախ կմեկնեն մեծ պատվիրակություններով, իսկ իշխանական հատվածը, երեկվա դրությամբ, դեռ կազմը հստակ չէր սահմանել։ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով՝ չպետք է տեղի տալ Ալիևի հոխորտանքներին և Արցախ պետք է այցելել ոչ միայն տոն օրերին, այլև «միշտ է պետք փոխադարձ այցելություններ կատարել»։


«Ես ասել եմ և կրկնում եմ՝ Արցախի խորհրդարանի դռները միշտ բաց են Հայաստանի Հանրապետության պատգամավորների առջև, կապ չունի, թե որ խմբակցությունն են ներկայացնում»,- ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page