top of page

Հրահանգել է բոլորին, ում հնարավոր է, բերման ենթարկել․ «Հրապարակ»

Apr 23, 2021
3 min read

«Նիկոլ Փաշինյանը որոշել է Սյունիքում իր «կերած» հայհոյանքներին պա­տասխանել ոչ ավանդական՝ հայկա­կան տարբերակով՝ տղամարդավարի, այլ ուժային կառույցների բերանով, որոնց հրահանգել է՝ ոտնահարելով բոլոր հնարավոր օրենքներն ու իրավունքները, բերման ենթարկել ում հնարավոր է: Նախ՝ գիշերվա 3-ին նրանք ոստիկանական մեքե­նայով Մեղրիից Երևան բերման են ենթարկել ՄԵղրիի համայնքապետ Մխիթար Զաբարյանին՝ խուլիգա­նության մեղադրանքով, առանց ծա­նուցագրի, առանց հիմքերի և առանց օրենքի տառը պահպանելու: Մի քա­նի ժամ անց՝ լուսադեմին, ոստիկա­նության կարմիրբերետավորները մտել ու անկողնուց հանելով՝ բերման են ենթարկել Շուռնուխի գյուղապե­տի եղբորը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատին, որն այրում էր իր տունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխա­նությունը առանց կրակոցի հանձնեց թշնամուն: Աշխարհապետը տասն օր բարձր ջերմությամբ ու թոքաբորբով հիվանդ պառկած է եղել տանն ու որևէ ակցիայի չի մասնակցել, բայց Փաշինյանի կամակատար ոստի­կաններին դա չի խանգարել, որ նվաստացնելով բերման ենթարկեն անկողնուն գամված հիվանդ մարդուն: Ավելի ուշ հրապարակվեցին կադրեր, թե ինչպես են դիմակավորված ոստիկաններն արդեն Երևանում Աշխարհապետին քարշ տալիս Քննչա­կան կոմիտեի միջանցքներով: Այդ ընթացքում նա բղավում էր, թե վատ է զգում, տաքություն ունի, թոքաբորբ է, խնդրում էր շտապօգնություն կանչել: Ավելի ուշ տեղեկացանք, որ թույլ են տվել՝ նրա մոտ բժիշկ մտնի, նաև կթեստավորեն, որ պարզեն՝ արդյոք կորոնավիրուսով վարակված է, թե՞ ոչ: Տեսարանն իսկապես սարսափեցնող էր: Թուրք ենիչերիները, հավանաբար, կնախանձեին նման դաժանությանը, որը թույլ էր տալիս հայ ոստիկանը հայի նկատմամբ: Բայց դա է Նիկոլ Փաշինյանի էությունը և մարտավա­րությունը՝ մարդկանց փորձել վախ ներշնչել և ռեպրեսիաներ կիրառել, որ մյուսները դաս քաղեն, և ոչ մեկը չհամարձակվի իր դեմ ծպտուն հանել: Փողոց փակելով և բազում օրենքներ խախտելով իշխանության եկած մարդու սիրտն արյուն է ուզում՝ Հա­յաստանի հպարտ քաղաքացիների արյունը, նրանց արյունը, որոնք այլևս չեն համակրում, չեն սիրում իրեն:


Այս ամենի վերաբերյալ երեկ կառավարության նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին: Նա չկարողացավ գեթ մեկ հոդա­բաշխ պատասխան տալ: Զաքարյանին գիշերվա 3-ին անհապաղ բերման ենթարկելու մասով ընդամենն ասաց՝ առերևույթ խուլիգանության դեպքեր են այնտեղ տեղի ունեցել, որով, ըստ նրա, ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ: Թե ինչ խուլիգանություն, ինչ կապ ուներ Զաքարյանն այդ ամենի հետ, ինչու ծանուցագիր չեն ուղարկել, կամ այդ ինչ անհետաձգելի գործողություններ էին, որ չէին կարող մինչև առավոտ սպասել՝ պետք էր գիշերով իրակա­նացնել, փոխոստիկանապետի լեզուն պապանձվել էր՝ չէր կարողանում բացատրել: Ինչ բացատրեր՝ այդպես գիշերով միայն ստալինյան «էնկավեդեի» աշխատողներն էին գործում, որ երկրում սարսափ տարածեին:

«Այս պահին, բնականաբար, հստակ չեմ կարող ասել, թե ինչ անհետաձգելի գործողություններ, որովհետև, ինչպես արդեն նշեցի, այնտեղ առկա են առերևույթ հանցա­գործության կատարման դեպքեր, որի կատարմամբ ոստիկանության կողմից, և ոչ միայն ոստիկանության, իրականացվում են արդեն իսկ հա­մապատասխան գործողություններ»,- կարկամած արտաբերում էր Ֆիդանյանը:


Շուռնուխի գյուղապետի եղբորը հիվանդ տեղից, անկողնուց քարշ տա­լով Երևան բերման ենթարկելու վերա­բերյալ էլ Ֆիդանյանը, բնականաբար, չկարողացավ որևէ բացատրություն գտնել: Նախընտրեց մանևրել. «Այս պահի դրությամբ տեղեկություն չունեմ, թե հստակ որ անձի նկատմամբ ինչ գործողություններ են իրականացվել»:

Ֆիդանյանն ասաց, թե կա «Հա­վաքների ազատության մասին» օրենք, և իրենք Սյունիքի ակցիաների ժա­մանակ հասարակական կարգն են պահպանել և այլն, բայց երբ նրան հիշեցրինք, թե ինչպես էին 2018-ի ապրիլյան իշխանափոխության օրե­րին Փաշինյանն ու իր թիմակիցները զանգվածային անկարգություններ անում, փողոց փակում, Ռադիոտունը գրավում, ամբողջ երկրի կյանքը կաթվածահար անում, Ֆիդանյանը նո­րից սկսեց անհաջող «կռուտիտները», թե դրանք այլ էին, ինքն այդ ժամա­նակ փոխոստիկանապետ չէր և այլն: Ի դեպ, ամեն անգամ, երբ Ֆիդանյա­նը փորձում է այսօրվա ընդդիմության ակցիաներին քննադատական գնա­հատական տալ՝ արդարացնելով իրենց բռնի, ակնհայտ ապօրինի գործողությունները, մենք նրան հի­շեցնում ենք 2018-ի դեպքերը, ու նա հայտնվում է անհարմար վիճակում՝ չիմանալով ինչպես արդարացնել այդ օրերի ապօրինությունները և ոստի­կանության անգործությունը:

Երեկվա բռնաճնշում-շոուները, սակայն, միայն այս 2 դեպքով չեն սահմանափակվել: Քանի որ Փաշինյանին հայհոյում էին հարյուրա­վոր սյունեցիներ, նա հրահանգել է բոլորին, ում հնարավոր է, բերման ենթարկել՝ ստորացնելով, գետնին քարշ տալով, որ կադրերը դիտի՝ սիրտը հովանա: Ուստի, երեկ շատ սյունեցիների են բերման ենթարկել: Սրա վերաբերյալ Փաշինյանի աներձա­գը երեկ ԱԺ-ում գնահատականներ էր հնչեցրել. «Այ, տենց ստորացնելով բերման պետք ա ենթարկեն, բա ի՞նչ պետք ա անեն»: Աներձագին, թերևս, պետք է գլխի գցել, որ իշխանությունը հավերժ չէ՝ մի օր ինքը պաշտպանված չի լինի իր մանդատով և փեսայի իրավապահներով, ու այդ ժամանակ կարող է ամեն ինչ գլխիվայր շրջվել՝ բերման ենթարկվողն ինքը լինի, ոստի­կաններն իրեն քարշ տան, և մարդիկ, հիշելով իր այսօրվա խոսքերը, անգամ չկարեկցեն ու չպաշտպանեն իրեն»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page