Ադրբեջանը երկաթուղային կապ կունենա Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով․ Փաշինյան

Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, աշխատանք է տարվում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման ուղղությամբ: Այդ մասին այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հույս ունի մոտտ ապագայում որոշակի արդյունքների հասնել:
«Դա նշանակում է, որ Հայաստանը կունենա ավտոմոբիլային և երկաթուղային կապ Ռուսաստանի, Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը կունենա երկաթուղային կապ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով»,- ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ խախտելով նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնության 8-րդ կետը, Ադրբեջանը չի վերադարձրել բոլոր գերիներին և պահվող անձանց: ՀՀ վարչապետը հույս հայտնեց նաև, որ Ռուսաստանը կաջակցի երկու երկրի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց իրականացնելու համար:
«Իհարկե, գլխավոր հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումն է»,- շեշտեց նա։
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորեց բանակցությունների վերսկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։























Comments